ԳլխավորՄի կտոր գիրք

Մի′ նեղացրեք մարդուն. Լեոնիդ Ենգիբարյան

Մի′ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Աղջնակին, որ թռչել գիտի

Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։

Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։

Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։

Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել… Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։

Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։

Ու ոչնչից մի վախեցիր։

Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։

Միայն ինձ համար մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,

դա հասկանալի է յուրաքանչյուրին։

Իմ սիրտը՝ քո կրծքում։

Լապտերները

Գիշեր է:

Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:

Ինչի՞ մասին:

Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:

Եվ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․

Եվ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

Ճանապարհը

Մեկնում եմ:

Ես վաղը կմեկնեմ:

Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:

Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:

Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետեւ ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:

Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

Լեոնիդ Ենգիբարյան (մարտի 15, 1935, Մոսկվա — հուլիսի 25, 1972, Մոսկվա)

Ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Comment here