Ներկայացնում ենք հատվածներ Էլեն Բաղդասարյանի նոր հրատարակված «Մադամ» գրքից։
***
Արյունը չէ, որ մեզ հարազատ է դարձնում: Մեր հոգին ու սիրտն են ընտրում մարդկանց, ովքեր «մերն» են: Շատերը լավ ուսուցիչ լինելուց հետո գնում են, ու պիտի նրանց բաց թողնել իմանաս… Շատերը տուն են դառնում: Տունը չորս պատը չէ, որտեղ ապրոմ ենք, անգամ քաղաքը չէ: Տունը մարդիկ են, նրանց աչքերը, ժպիտներն ու գրկախառնությունները: Ու ամենակարևորը՝ եզակիների սիրտը: Երբ կարող ես փռել հույզերդ, պատերից կախել արցունքներդ ու հանգիստ լինել, որ թափթփվածության համար քեզ չեն նախատի, դու վստահ ես, որ քեզ բացի սիրուց ու հոգատարությունից ոչինչ չեն հրամցնի: Ուր էլ որ լինես, դու տուն ունես, եթե էդպիսի գոնե մեկին ունես:
***
Ես սիրում եմ մանրակրկիտ զննել մարդկանց աչքերը: Դրանք միշտ էլ գոռում են լռած բառերը, մատնում ժպիտի տակ թաքնվածը: Հայացքները միշտ սրտիս են կպնում, ու ես դրանք անգիր եմ հիշոմ: Դատարկ ու ոչինչ չասող աչքերով մարդիկ վախենալու էակներ են, որովհետև աչքերով համրերը հոգով խուլ են. ոչինչ չեն զգում, գոյատևում են, ոչ թե ապրում:
***
Կարևորների կորստի հետ հոգուցդ մի մասնիկ է գնում՝ գուցե անվերադարձ, ու դու թաց կավի նման ամեն անգամ մտնում ես կյանքի վառարանի մեջ՝ թրծվելու։ Եթե բավականաչափ համառ չլինես, թրծելու փոխարեն կայրես քեզ սեփական մտքերի կրակներում:
***
Կարոտը նման է փոքր, սոված երեխայի, ում անընդհատ կերակրում ենք մեր հուշերով: Չափից շատ ենք մտածում իր մասին ու տալիս ենք՝ երբ ուզի ու ինչքան ուզի: Մի օր էլ, երբ հոգնում ենք տանել իր կամակորությունները, սկսում է ըմբոստանալ ու սիրտը կրծել: Դրա համար կարոտը պիտի սնվի ռեժիմով, երբեմն էլ՝ կիսաքաղց մնա:
Էլեն Բաղդասարյանը ծնվել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում։ 2022 թվականին մասնակցել է «Ամրոց» հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպված « Ծիլ» երիտասարդ ստեղծագործողների աջակցության ծրագրին, ստացել է առաջին կարգի մրցանակ և դարձել «Ծիլ» համայնքի առաջին անդամներից։ 2023 թվականի մարտից «Գրելույս» գրական ակումբի անդամ է։