…Ի հաստատումն այս խոսքերի՝ նրանց գլխավերևում՝ հեռէկրանից, հնչեց շեփորը։ Այս անգամ, սակայն, ոչ թե ռազմական հաղթանակի ազդարարում էր, այլ ընդամենը Առատության նախարարության հայտարարություն։
— Ընկերնե՛ր,- ճչաց եռանդուն ու երիտասարդ ձայնը։- Ուշադրություն, ընկերնե՛ր։ Փառահեղ նորություն։ Մենք հաղթանակ ենք տարել արտադրության ոլորտում։ Բոլոր սպառողական ապրանքների արտադրության ամփոփագրերը ցույց են տալիս, որ կենսամակարդակն անցյալ տարվա համեմատ բարձրացել է ոչ պակաս, քան քսան տոկոսով։ Այս առավոտ ամբողջ Օվկիանիայում կազմակերպվել են ինքնաբուխ ցույցեր։ Բանվորները դուրս են եկել գործարաններից ու գրասենյակներից և դրոշներով անցել փողոցներով՝ իրենց երախտագիտությունն արտահայտելով Մեծ եղբորը նրա իմաստուն ղեկավարության ներքո սկսված մեր նոր, երջանիկ կյանքի համար։ Ահա այն թվերը, որոնք արդեն պատրաստ են՝ սնունդ…
«Մեր նոր, երջանիկ կյանք» արտահայտությունը կրկնվեց մի քանի անգամ։ Վերջին շրջանում այն Առատության նախարարության սիրած արտահայտությունն էր։ Փարսոնսը, ով իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր շեփորականչի վրա, լսում էր բերանբաց ու ձանձրալի հանդիսավորությամբ։ Նա չէր կարող հետևել թվերին, բայց հասկանում էր, որ դրանք պետք է գոհացնեն։ Նա հանել էր մեծ ու գարշահոտ ծխամորճը, որը կիսով չափ լի էր ածխացած ծխախոտով։ Ծխախոտի չափաբաժինը շաբաթական 100 գրամ էր, ուստի ծխամորճը մինչև վերջ լցնելը ճոխություն էր համարվում։ Ուինսթոնը «Հաղթանակ» սիգարետ էր ծխում՝ ջանալով դրանք պահել հորիզոնական դիրքով։ Նոր չափաբաժինը ստանալու էին հաջորդ օրը, իսկ նրա մոտ ընդամենը չորս սիգարետ էր մնացել։ Մի պահ փակեց ականջները ընդհանուր աղմուկից ազատվելու և հեռէկրանից հնչող ձայնը լսելու համար։ Պարզվեց՝ կազմակերպվել են ցույցեր, որտեղ մարդիկ շնորհակալություն են հայտնել Մեծ եղբորը՝ շոկոլադի չափաբաժինը շաբաթական քսան գրամի հասցնելու համար։ Բայց չէ՞ որ երեկ հայտարարվեց, որ այն կրճատվել է քսան գրամի։ Մի՞թե մարդիկ կհավատան։ Չէ՞ որ ընդամենը քսանչորս ժամ է անցել։ Այո, հավատում են։ Փարսոնսը հեշտ հավատաց, ապուշ անասուն։ Մյուս սեղանի առաջ նստած անաչք արարածը նույնպես հավատաց և հիմա լցված էր կրքոտ ու կատաղի ցանկությամբ՝ գտնելու, մատնելու ու գոլորշացնելու որևէ մեկին, ով կասի, թե անցյալ շաբաթ չափաքանակը երեսուն գրամ է եղել։ Սայմը նույնպես հավատաց՝ շատ ավելի բարդ տարբերակով՝ գործի դնելով կրկնամիտքը։ Ուրեմն ինչ, միայն Ուինսթո՞նը հիշողություն ունի։
Առասպելական վիճակագրությունը շարունակում էր հորդել հեռէկրանից։ Անցյալ տարվա համեմատ՝ ավելի շատ ուտելիք, ավելի շատ հագուստ, ավելի շատ տներ, ավելի շատ կահույք, ավելի շատ կաթսաներ, ավելի շատ վառելիք, ավելի շատ նավեր, ավելի շատ ուղղաթիռներ, ավելի շատ գրքեր, ավելի շատ երեխաներ. ամեն ինչ ավելի շատ՝ բացի հիվանդություններից, հանցագործություններից ու խելագարությունից։ Տարեցտարի, րոպե առ րոպե ամեն ոք և ամեն ինչ արագորեն վեր էր սլանում։ Ինչպես Սայմն ավելի վաղ, Ուինսթոնը նույնպես վերցրել էր գդալը ու խաղում էր սեղանին թափված գունատ սոուսի հետ՝ երկարուկ լճակին ճիշտ ուղղություն տալով։ Նա վրդովմունքով մտածում էր իր կենցաղի, կյանքի պայմանների մասին։ Արդյո՞ք միշտ է այդպես եղել։ Արդյո՞ք սնունդը միշտ այդպիսի համ է ունեցել։ Զննեց ճաշարանը։ Ցածր առաստաղ, լեփ-լեցուն սրահ, պատերը սևացել էին անհամար մարդկանց դիպչելուց, հնամաշ մետաղյա սեղաններն ու աթոռներն այնքան մոտ էին, որ նստելիս մարդիկ արմունկներով դիպչում էին իրար. ծռմռված գդալներ, փոս ընկած սկուտեղներ, կոպիտ սպիտակ գավաթներ, բոլորի երեսները՝ յուղոտ, բոլոր ճեղքերը՝ կեղտակուր։
Ամենուր թթվահոտ էր՝ բաղկացած անպետք ջինի, անպետք սուրճի, մետաղահամ սոուսի ու կեղտոտ շորերի բույրերից։ Առաջ նու՞յնպես ստամոքսն ու մաշկն այնքան դժգոհ են եղել, որքան հիմա։ Անցյալում նու՞յնպես զգացողություն կար, որ քեզ մերժեցին մի բան, ինչի իրավունքն ունեիր։ Իսկապես, ամբողջ կյանքում ուրիշ ոչինչ չէր տեսել։ Որքան իրեն հիշում էր, ուտելիքը երբեք չէր բավարարել, անծակ գուլպաներ կամ ներքնազգեստ չկար, կահույքը միշտ խփված էր ու երերուն, սենյակները՝ չտաքացվոդ, մետրոյի գնացքները՝ լեփ-լեցուն, տները՝ անկայուն, հացը՝ սև, թեյը՝ հազվադեպ, սուրճը՝ գարշելի, սիգարետը՝ հաշված։ Եվ միայն սինթետիկ ջինն էր, որ էժան էր և առատ։ Անշուշտ, տարիքի հետ ամեն ինչ ավելի վատ է թվում, բայց եթե մարդու սիրտը ճմլվում է անհարմարավետությունից, կեղտից ու սակավությունից, անվերջ ձմեռներից, կոշտ գուլպաներից, մշտապես խափանված վերելակներից, սառը ջրից, ավազոտ օճառից, կոտրվող սիգարետից, տարօրինակ ու զզվելի համով սննդից, մի՞թե այս ամենը չէր նշանակում, որ ինչ-որ բան սխալ է։ Եթե հասկանում ես, որ այդ ամենն անտանելի է, մի՞թե ժառանգական հիշողությունը չի հուշում, որ կյանքը մի ժամանակ այլ է եղել։
Նա նորից զննեց ճաշարանը։ Գրեթե բոլոր մարդիկ տգեղ էին և տգեղ կլինեին, եթե նույնիսկ հագնեին ոչ թե կապույտ արտահագուստ, այլ որևէ այլ բան։ Սենյակի հեռավոր անկյունում սեղանի առաջ միայնակ նստած էր փոքրամարմին, տարօրինակ, բզեզանման մի մարդ, ով սուրճ էր խմում, և փոքրիկ աչքերը կասկածամիտ նետահարում էին այս ու այն կողմ։ «Երբ շուրջդ չես նայում,– մտածեց Ուինսթոնը,– ինչ հեշտ է հավատալ, որ կա և նույնիսկ գերակայում է Կուսակցության սահմանած կատարյալ տեսակը՝ բարձրահասակ, մկանուտ երիտասարդներ և փարթամ կրծքով աղջիկներ՝ շիկահեր, կենսախինդ, արևախանձ, անհոգ»։ Իրականում, ըստ Ուինսթոնի, Թռիչքուղի մեկի մարդկանց մեծամասնությունը փոքրամարմին էր, թխադեմ և տգեղ։ Տարօրինակ է՝ ո՜նց է բզեզանման տեսակը բազմացել նախարարություններում. փոքրամարմին, կարճ ոտքերով, վաղ գիրացած, փութկոտ շարժումներով, գեր, անթափանց դեմքերով ու մանր աչքերով տղամարդիկ։ Մարդու հենց այս տեսակն էր ծաղկում Կուսակցության գերիշխանության ներքո։
Առատության նախարարության հայտարարությունն ավարտվեց նոր շեփորականչով, ու սկսվեց թեթև երաժշտություն։ Փարսոնսը թվերի ռմբակոծությունից խանդավառվել էր ու բերանից հանեց ծխամորճը։
— Այս տարի Առատության նախարարությունն իսկապես լավ աշխատեց,- ասաց նա գիտակի տեսքով:- Ի դեպ, Սմիթ, պատահմամբ ավելորդ ածելի չունե՞ք։
— Ոչ մի հատ,- ասաց Ուինսթոնը։- Արդեն վեց շաբաթ է՝ նույն ածելին եմ օգտագործում։
— Պարզ է… Հենց այնպես հարցրի։
— Ներող եղեք,– ասաց Ուինսթոնը։
Հարևան սեղանից հնչող կռկռոցը, որ նախարարության հայտարարության ընթացքում առժամանակ լռել էր, վերսկսվեց նախկին ուժով։ Չգիտես ինչու, Ուինսթոնը հանկարծ մտածեց տիկին Փարսոնսի մասին, հիշեց նրա յուղոտ մազերն ու դեմքի ծալքերում ծվարած փոշին։ Գալիք երկու տարում, եթե ոչ ավելի շուտ, երեխաները նրան կմատնեն Մտքի ոստիկանությանը։ Տիկին Փարսոնսին կգոլորշացնեն։ Սայմին կգոլորշացնեն։ Ուինսթոնին կգոլորշացնեն։ Օ’Բրայենին կգոլորշացնեն։ Փարսոնսին, հակառակը, երբեք չեն գոլորշացնի։ Կռկռան ձայնով անաչք արարածին երբեք չեն գոլորշացնի։ Փոքրիկ բզեզանման մարդկանց, ովքեր շտապ-շտապ անցնում են նախարարությունների լաբիրինթանման միջանցքներում, նույնպես երբեք չեն գոլորշացնի։ Գրականության բաժնի այն թխահեր աղջկան նույնպես երբեք չեն գոլորշացնի։ Ուինսթոնին թվում էր՝ ինքը բնազդաբար գիտի՝ ով է ողջ մնալու, ով է անհետանալու, սակայն դժվար էր ասել, թե ինչ էր պետք ողջ մնալու համար։
Այդ պահին կոպիտ միջամտությունը նրան կտրեց մտքերից։ Հարևան սեղանի աղջիկը փոքր-ինչ շրջվել ու նրան էր նայում։ Հենց այն թխահեր աղջիկն էր։ Նայում էր շեղ, անհասկանալի, սևեռուն հայացքով։ Ու հենց որ նրանց հայացքները հանդիպեցին, աղջիկը շրջվեց։
Ուինսթոնի ողնաշարով սառը քրտինք ծորաց։ Ահավոր սարսափ տիրեց նրա հոգում, որը գրեթե անմիջապես էլ անցավ, բայց թողեց թույլ կաշկանդվածության զգացողություն։ Աղջիկն ինչու՞ էր ուսումնասիրում իրեն։ Ինչու՞ էր շարունակում հետևել։ Ցավոք, Ուինսթոնը չէր կարող հիշել՝ արդեն սեղանի մո՞տ էր, երբ ինքը եկավ, թե՞ հետո էր մոտեցել։ Ամեն դեպքում երեկ՝ Ատելության երկրոպեի ընթացքում, աղջիկը նստած էր անմիջապես իր ետևում, թեև դրա կարիքը բնավ չկար։ Շատ հավանական է, որ ուզում էր լսել Ուինսթոնին ու ստուգել՝ արդյո՞ք բավականաչափ բարձր է գոռում։
Ուինսթոնը նորից մտածեց, որ աղջիկը Մտքի ոստիկանությունից չէ, ուրեմն հաստատ սիրողական մակարդակի լրտես է, որն ամենավտանգավորն էր։ Ուինսթոնը չգիտեր՝ աղջիկը վաղու՞ց է հետևում իրեն. հավանաբար մոտ հինգ րոպե, չէ՞ որ ինքն այդ ընթացքում չի վերահսկել իր շարժումները։ Չափազանց վտանգավոր է, սարսափելի է թույլ տալ, որ մտքերդ թափառեն, եթե հանրային վայրում ես կամ հեռէկրանի տեսադաշտում։ Նույնիսկ ամենափոքր մանրուքը կարող է մատնել։ Նյարդային շարժում, չգիտակցված անհանգիստ հայացք, քթի տակ մռթմռթալու սովորություն. ցանկացած երևույթ, որ կարող է դիտարկվել իբրև արտասովորություն կամ ինչ-որ բան թաքցնելու փորձ։ Ամեն դեպքում, պատժի արժանի հանցագործություն էր դեմքի ոչ պատշաճ արտահայտությունը (օրինակ, երբ հայտարարում էին հաղթանակի մասին, և դեմքդ թերահավատություն էր արտահայտում)։ Նորալեզվում նույնիսկ այդպիսի բառ կար՝ «դիմահանցագործություն»։
Աղջիկը նորից մեջքով շրջվել էր դեպի Ուինսթոնը։ Շատ հավանական է, որ իրականում չէր հետևում Ուինսթոնին, գուցե զուգադիպություն էր, որ երկու օր անընդմեջ հայտնվում էր նրա կողքին։ Ուինսթոնի սիգարետը հանգել էր, զգուշորեն դրեց սեղանի եզրին։ Եթե ծխախոտը չթափվի միջից, աշխատանքից հետո կծխի։ Հնարավոր է, որ հարևան սեղանի աղջիկը Մտքի ոստիկանության լրտես է, և շատ հավանական է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում ինքը հայտնվի Սիրո նախարարության խցերում, բայց սիգարետը չի կարելի փչացնել։ Սայմը ծալեց թղթի կտորն ու դրեց գրպանը։ Փարսոնսը նորից խոսեց։
— Ձեզ պատմե՞լ եմ,- ասաց՝ ծխամորճը բերանին ու ծիծաղելով,- թե իմ երկու չարաճճիներն ինչպես են վառել շուկայում առևտուր անող ծեր կնոջ շրջազգեստը, որովհետև տեսել էին, թե ոնց է նրբերշիկը փաթաթում Մ. Ե.–ի ցուցապաստառի մեջ։ Հետևից թաքուն մոտեցել ու վառել էին մի տուփ լուցկով։ Կարծում եմ՝ կարգին վառվել է։ Ա՜յ քեզ անպիտաններ։ Բայց ի՜նչ ոգևորված են։ Հիմա հետախույզներին շատ ավելի լավ են մարզում, քան մեր ժամանակ։ Իսկ գիտե՞ք՝ վերջերս նրանց ինչով են զինել, լսափողերով՝ բանալու անցքից գաղտնալսելու համար։ Երեկ աղջիկս բերեց տուն, փորձեց մեր հյուրասենյակի դռան վրա, ասում է՝ կրկնակի լավ է լսվում, քան ականջն անցքին դնելով։ Իհարկե, ասեմ ձեզ, ընդամենը խաղալիք է։ Բայց մտքին ճիշտ ուղղություն է տալիս, այնպես չէ՞։
Այդ պահին հեռէկրանը ծակող սուլոց արձակեց։ Աշխատանքին վերադառնալու ազդանշանն էր։ Երեքն էլ վեր թռան, որպեսզի միանան սկսված հրմշտոցին, և մնացած ծխախոտը թափվեց Ուինսթոնի սիգարետից։
Հատված «1984» ստեղծագործությունից
[…] Ջորջ Օրուել, «1984», […]