ԳլխավորՄի կտոր գիրք

Աբիգ Ավագյան. «Հարավային տենդ»

Գյուղ Իրանում

Ներկայացնում ենք հայ արձակագիր Աբիգ Ավագյանի (14 սեպտեմբերի, 1919 — 25 հունվարի, 1983) «Հարավային տենդ» ստեղծագործությունը։

***

Հազար տարի հետո էլ հարավի բնիկները կհիշեն ծերունի որսորդ Բաբեին: Հազար տարի հետո էլ, խաշխաշի դաշտերից վերադարձող, արևներից հոգնած գյուղացիները կկանգնեն բլրի զառիթափին ու կվերհիշեն Բաբեի շուրջը հյուսված պապերի պատմությունները:
Հիշում եմ, ծերունին ասում էր. «Երեք անգամ իջել եմ ու մտել եմ եղեգնուտ, վագրերի վրա չէի գնում, հայրս պատմում էր, որ այնտեղ, հեռուներում, աղբյուր կա, և ջուրը երկնքի պես կապույտ է, ես ուզում էի այդ կապույտ ջուրը գտնել»:
Մենք կամացուկ ծիծաղում էինք, ախր Բաբեն շա՜տ էր ծերացել…
Բաբեն կյանքում չգտավ այդ կապույտ աղբյուրը, բայց մենք նրա ջարդված բեկորները գտանք ու բերեցինք թաղեցինք այստեղ, բլրի զառիթափին, հոր մոտ:

Բաբեից հետո գյուղում հայտնվեցին Սեյֆի անունով երեք եղբայրներ: Մեծի անունը Վալի էր, Վալի Սեյֆի: Նա երկու եղբայրներին ուղարկել էր ամերիկյան բեռնավտոների շարասյուները թալանելու, ինքը մնացել էր գյուղում: Ասում էին՝ քառասուն շիշ արմավօղի ու քառասուն կիլոգրամ օփիում է տվել ամերիկացի մի ջոկատավարի և վերցրել է նրա «Սնայփեր»-ը՝ մի քանի սնդուկ փամփուշտով: Գնում էր եղեգնուտ. նա Բաբեի նման ստիպված չէր լինում իջնել ու խորանալ եղեգնուտում, դրա կարիքը չուներ, ձեռքին «Սնայփեր» կար, խողովակի վրա խաչանշան հեռադիտակ: Նստում էր եղեգնուտից կես կիլոմետր հեռու, խփում էր եղեգնուտե իր աշխարհից հիմարաբար դուրս եկած վագրին և որսը շալակն առած վերադառնում էր գյուղ:
Ինչպե՜ս էր քայլում…

Այդ ժամանակ օգոստոսի միջօրե էր լինում: Ասորի Ջորջի բացօթյա ճաշարանում նստած մենք ջին էինք խմում, տապից բթացած նայում էինք միմյանց և սպասում էինք, որ մեկն ու մեկը հիմա շոգից կսկսի ծիծաղել: Ես էի, ամերիկյան երեք զինվորներ Ֆուքը, Րիվեյը, Հարրին, կարմիրբանակային Գուրգեն Հովհաննիսյանը:
Ճանապարհից այն կողմ բարձրանում էր բրգաձև մի լեռ, բնիկները դրան ասում էին «Քուհե մար»՝ Օձասար: Ստորոտի կածանով գյուղացիները տուն էին վերադառնում: Նրանք վերադառնում էին խաշխաշի դաշտերից, հեռվից մենք տեսնում էինք սև ու կորացած մարդիկ և ոտնահետքերից բարձրացող սպիտակ փոշի: Երբ կածանի զառիվայրը վերջանում էր, նրանք այլևս չէին երևում, երևում էին շատ հետո: Մենք նրանց դեմքերից էինք կռահում, որ իրիկնամուտին հով կլինի՞, թե չի լինի:
Հետո հայտնվում էր Վալի Սեյֆին՝ խփված վագրի կորյունն ուսին: Ճանապարհով նա գնում էր շահենշահի նման. նայում էր մեզ դեղին բեղերի արանքով, գլխով բարևում էր: Գուրգենը դուրս էր գալիս մաշկից, ձեռքի ափով շրխկացնում էր ավտոմատի կոթը.
– Թողեք, հիմա ես սրան շանսատակ կանեմ… Բաբեից հետո ի՞նչ մարդ է սա… «Սնայփեր», պադումի՜շ…

Աբիգ Ավագյան
Աբիգ Ավագյան

Պատահեց մի օր, որ ես հանկարծ որոշեցի.
– Վաղը, լուսաբացից առաջ,- ասացի,- ես գնում եմ եղեգնուտ. պետք է որոնեմ ու գտնեմ կապույտ աղբյուրը.
Նորից ասորի Ջորջի բացօթյա ճաշարանումն էինք:
Չգիտես ինչու, բոլորը ոտքի կանգնեցին: Երկար ժամանակ ես նայում էի նրանց տարօրինակ աչքերին: Հայացքների մեջ ես լսեցի մի շատ անծանոթ ձայն.
«Հարավային տենդ»:
Հետո մշուշի մեջ տեսա Գուրգենին, որ նայեց ժամացույցին և ասաց.
– Գնա տուն, պառկի՛ր, դու վարակվել ես այդ անիծյալ տենդով:
Ու գնաց: Զինվորներ Րիվեյը, Հարրին և Ֆուքը գնացին տարբեր ուղղություններով, նրանցից մեկը ընկավ առվին չհասած նրան ասորի Ջորջը քաշելով տարավ ճակատին սառը սրբիչ դնելու, մյուսերը գործ չունեին և կորան:

Ես գնացի, երբ լուսաբացը դեռ չէր սկսել: Գիշերը քամի չեղավ: Թուլացած կախվել էին հարավային ծփնիների լայն տերևները: Ճանապարհին գյուղացիների հանդիպեցի. զրուցեցինք. նրանք բոլորն էլ տխուր էին. որ արար աշխարհում ամպերը վերացել են, անձրև չկա և ընդհանրապես ի՞նչ կա աշխարհում:
– Ո՞ւր ես գնում այս ճանապարհով, սահաբ.- հարցրին բոլորը միասին:
– Այս ճանապարհով ես հիմա իջնում եմ եղեգնուտ.- պատասխանեցի նրանց,- Բաբեն ասել է, որ այնտեղ կապույտ աղբյուր կա. գնում եմ այդ կապույտ աղբյուրը գտնելու: Բաբեին դուք գիտեի՞ք:
Թերևս հարցն անտեղի էր, որովհետև նրանք նայեցին իրար, տխուր ծիծաղեցին և գնացին դեպի խաշխաշի զառիվեր դաշտերը:
Արևը հենց նոր պոկվեց սարերից, և եղեգնուտը ոսկևորվեց: Աստվա՜ծ իմ, այդ ի՜նչ փայլ էր, արևից լավ, արևից ավելի առկայծուն:

Եղեգները քաշքշելով ես գնում էի առաջ և մտածում էի. որ կյանքում իմ վերադարձի ճանապարհը կորավ: Չգիտեմ որքան գնացի, մինչև որ աղբյուրը գտա: Լավ էր, ջուրը թանձր, կապույտ ու անփրփուր: Նստեցի նրա մոտ ու հիշեցի Բաբեին: Ջրի սառնության գեղեցկությունն զգալու համար ես այնքան ուշացա, մինչև որ եղեգները խշխշացին: Ծոծրակիս տաք ու խոնավ շունչ զգացի:
«Բարով ես եկել մեր աշխարհը,- ասաց մի հոգնած ձայն,- հազար բարով ես եկել»:
Ձեռքս տարա հրացանին. այն դրել էի չոր խոտերի վրա:
«Կրակի՛ր, սպանի՛ր. մեր բոլորի մորթիները շալակներդ գցած գնացեք մտեք մարդամեջ»:
Խոսողը ծեր վագր էր, թերևս ամենածերն աշխարհում: Ես տեսա, թե ինչպես թաթը վերցրեց հրացանի կոթից ու կանգնեց դեմ-դիմաց:

«Վալի Սեյֆին ի՞նչ մարդ է,- հարցրեց վագրը,- ի՞նչ մարդ է նա»:
Զգացի, որ նա մենակ չէ, մեզ շրջափակող եղեգների ետևում սպասում են շատերը:
«Մարդ է,- ասացի,- երկու եղբայրներին ուղարկել է ամերիկյան բեռնավտոները թալանելու, իսկ ինքը «Սնայփեր» է ձեռք բերել և ձեզ սպանում է: Նա հրացանի հեռադիտակի խաչը կես կիլոմետրից ձեր ճակատին է ուղղում ու խփում է ուղիղ ճակատին»:
Ծեր վագրն իմ շուրջը պտտվեց: Ես նայում էի նրա ծերունական բաշին, աչքերին, դարչնագույն էին և այնքա՜ն տեսնող:

«Բաբեն հազար տեղից կարկատված հրացանով իջնում էր եղեգնուտ,- ասաց նա,- մենք սիրում էինք այդ մարդուն այնքան ժամանակ, մինչև որ ծերացավ և սկսեց մեզ չսիրել: Մեկ-մեկ պոկում էր մեզ ու տանում էր: Հետո ցեղակիցներս նրան ջարդուփշուր արեցին: Վալի Սեյֆուն բեր եղեգնուտ,- ասաց նա վերջապես,- մենք բոլորս խնդրում ենք, որ նրան բերես եղեգնուտ»:
Հետո շուռ եկավ և նայեց եղեգներին: Դուրս եկան վագրերը՝ իրենց աղերսական բաշերով, աղերսական պոչերով, աղերսական հայացքներով:
«Վալի Սեյֆուն բեր այստեղ»,- խնդրում էին նրանք և ծնոտները կափկափում էին:
Ծեր վագրն ասաց.
«Վալի Սեյֆին սրանց բոլորին սգվոր է դարձրել, շալակն առած տարել է ձագերին, իսկ հայրերին ու մայրերին սայլերով է տարել»:
Բոլոր վագրերը միաժամանակ դունչները վեր ցցեցին ու ողբաձայն մռնչացին: Ես տեսա նրանց արցունքները, որ իջնում էին շիկացած բեղերի վրա:
«Լավ,- ասացի,- թողեք ես գնամ, Վալի Սեյֆուն ես կբերեմ այստեղ, ես նրան կթողնեմ այստեղ»:
«Մռ՜ռռ…»,- ասացին վագրերը և բավականությունից hnղը քերեցին:

Ծեր վագրը նայեց ինձ ու ասաց.
«Ջուր խմիր»:
Ես խմեցի թանձր, կապույտ ջուրը:
«Վաղը, լուսաբացին,- ասացի,- հիմա թողեք գնամ»:
«Մինչև մեր սահմանը ես քեզ կճանապարհեմ,- ասաց ծեր վագրը,- հրացանդ վերցրու»:
Ես վերցրի հրացանն ու նետեցի, ինչպես օձն են նետում:
«Պետք չէ»,- ասացի:
Վագրերն ասացին՝ «Մռ՜ռռ…» և գետինը քերեցին:
Եղեգնուտը ճեղքելով նա գնում էր առջևից: Պոչի ծայրից մինչև ականջների ծայրը ես տեսնում էի մի անվերջանալի՜ տխրություն:
«Շնորհակալ եմ,- ասացի նրան, երբ հասել էինք սահմանին,- ահա ճանապարհը, և ես կգնամ»:
Ծեր վագրը փակեց թաց աչքերը և ձեռքս լիզեց:

Վալի Սեյֆին տանը չէր: Կինը՝ Սոննին, ինձ առաջնորդեց քողտիկ և ասաց.
«Սահա՛ն, որքան փոշոտված եք, որքան հոգնած, պառկեք թախտին, Վալին ուր որ է կգա: Հիմա ձեզ համար չայ կպատրաստեմ»:
Շատ էի հոգնել և ընկա թախտին:
«Վալին որտե՞ղ է»,- հարցրի:
«Գրողի ծոցն է Վալին…»:
Սոննին լաց էր եղել և վշտից կրծում էր մատները:
«Ի՞նչ է պատահել»,- հարցրի:
Կինը նախշավոր վերնազգեստը պոկեց հագից ու մերկ կանգնեց իմ դեմ.
«Սահա՛բ, տեսեք Վալին ինձ ինչ է արել»:
Ջարդուփշուր էր արել այդ չքնաղ կնոջը և միայն թողել էր, որ նա կենդանի մնա:
«Վաղը լուսաբացին,- ասացի,- բոլորը կազատվեն նրանից»:
Եկավ Վալի Սեյֆին, եկավ ուսից կախված իր «Սնայփեր»-ով, բեղերի արանքից նայեց մերկ կնոջը, ինձ, որ ձգվել էի թախտին, և ասաց.
«Բարով ես եկել, սահա՛բ, մեր տունուտեղը քեզ փեշքեշ: Հիմա ջին կխմենք»:
Սկսեցինք…

«Վալի,- ասացի չորրորդ բաժակից հետո,- ոսկեդեղին վագր է երևացել եղեգնուտում, տեսնողներ են եղել, իսկ ամերիկացի քոլոնելը քսանհինգ հազար է տալիս դրա մորթուն, ի՞նչ կասես»:
Վալի Սեյֆին վայրի հրճվանքով ճչաց.
«Վաղը գնանք, սահա՛բ, լուսաբացին իջնենք: Հեյ, Սոննի, էլի ջին… Քսանհինգ հազար… Գնացինք»:
Ես հիշեցի ծեր վագրին և եղեգների ետևից դուրս եկած սգվոր վագրերին: Նրանք բոլորն ասում էին «Մռ՜ռռ…», այսինքն՝ Վալի Սեյֆուն բեր:
Սոննին հիմա մի ուրիշ նախշավոր զգեստով ծածկել էր իր ջարդվածքները և սպասում էր լուսաբացին:
Երբ հորիզոնը մոխրագունել սկսեց, Վալին ջինի երրորդ դատարկ շիշը քողտիկի օդանցքից շպրտեց դուրս և ասաց.
«Գնանք, սահա՛բ»:
Նա լավ տնտղեց «Սնայփեր»-ը, համբուրեց խողովակն, ու ճամփա ընկանք:
Սոննին ինձ կամացուկ խնդրեց.
«Սրան թողեք այնտեղ, սահա՛բ»:
Այդ ժամանակ նրա աչքերը շատ նման էին ոչ միայն ծեր վագրի, այլև մնացած բոլոր վագրերի աչքերին, որոնք աղերսում էին. «Վալի Սեյֆուն բեր»:

Օրորվելով ու ջարդվելով մենք հասանք տեղ:
«Հողմացրի՛վ կանեմ…»,- մեկ եղեգներին նայելով, մեկ «Սնայփեր»-ին, տեղի-անտեղի ճչում էր Վալին:
Մենք նստեցինք կապույտ ջրի մոտ այնքան ժամանակ, մինչև եղեգները խշխշացին:
Հողի հոտ եկավ, և ես հասկացա, որ նրանք հաճույքից գետինը քերում են:
«Բարին վրադ, Վալի Սեյֆի, ախր մենք հազար տարի է, որ քեզ սպասում ենք»:
Սեյֆին ձեռքը հրացանին տարավ, որը դրել էր չոր խոտերի վրա, այդ ժամանակ ծեր վագրը թաթը վերցրեց հրացանի վրայից և կանգնեց դեմ-դիմաց:
«Դե կրակի՛ր, Վալի Սեյֆի, Լոռեստանի թագավո՜ր»:
Եղեգների արանքներից դուրս եկան մնացած վագրերը: Հայացքներով ինձ ասում էին. «Շնորհակալ ենք, որ սրան բերեցիր: Հիմա գնա տուն, մեկնումեկը քեզ մինչև սահմանը կուղեկցի…»:
«Ո՞վ կուղեկցի»:
«Ես»,- մռնչացին բոլորը:

Վագրերից մեկը եկավ ինձ հետ: Քարերի արանքից խփել էին, ու ձախ ոտքը կաղում էր: Եղեգները ճեղքելով գնում էր նա ու փնթփնթում.
«Վալին լավ է անում, որ խփում է ճակատից, թե չէ ինչի՞ է նման»:
Ես էլ սկսեցի մտածել, թե իսկապես ինչի՞ է նման, երբ վագրը կաղում է: Ախր նա պետք է գիշերները եղեգնուտներից դուրս գա, հասնի լեռնակատարներին, աստղերի ցոլքերից հարբած պտտվի շուրջը, չանգերը բաց արած ցատկի՝ աստղին իր ցոլքի հետ բռնելու, հետո հոյակա՜պ, հոյակա՜պ գահավիժումով կործանվի, գնա:
«Գնա՛»,- ասաց կաղ վագրը:
Հասել էինք սահմանին, որից հետո ճանապարհ էր:
«Մենք բոլորս շնորհակալ ենք»,- որպես պարտականություն փնթփնթաց նա ու վերադարձավ:
Ես նստեցի ճանապարհին ու նայում էի նրան: Չէր շտապում: Այդպես գնում են մարդիկ, երբ համոզված են, որ այնտեղ ամեն ինչ վերջացել է:

Բայց կաղ վագրը կանգնեց եղեգնուտն իջնող զառիթափի եզրին, երևի մտածեց, որովհետև ետ նայեց:
«Գնա՛»,- ասաց նա:
Եվ ես գնացի: