ԳլխավորԼուր

Մահացել է երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ)

61 տարեկանում մահացել է երգիչ, Արցախյան, Ապրիլյան ու 44-օրյա պատերազմի մասնակից Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ):

Ծնվել է 1962թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում: Հետագայում ծնողների հետ միասին տեղափոխվել է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղ: Հաճախել է Սասունիկի միջնակարգ դպրոցը: Այնուհետև, զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Կամչատկայում: Զորացրվելուց հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը:

1988թ. ընդունվել է Երևանի Պետական կոնսերվատորիա:

1990թ. Մկրտիչ Մկրտչյանը ընդգրկվում է Թաթուլ Կրպեյանի Գետաշենի պաշտպանական ջոկատի կազմում: Ապա, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում է Շահումյանի շրջան, ընդգրկվում Վերիշենի ջոկատի կազմում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում է Մարտակերտ: Այդ ժամանակահատվածում Ստեփանակերտում կազմավորվում են գումարտակներ, և Մկրտիչ Մկրտչյանը ընդգրկվում է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: 1997թ. վերադարձել է Երևան:

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով:

Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթեոնում: