ԳլխավորԽճանկար

Ինքնավստահ՝ բեմում, ամաչկոտ՝ հատկապես կանանց հետ. հետաքրքիր փաստեր Վիկտոր Ցոյի մասին

Երեսուներեք տարի առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի մերձակայքում ավտովթարից մահացավ ռոք-երաժիշտ, «Կինո» խմբի ղեկավար, դերասան Վիկտոր Ցոյը: Նա 28 տարեկան էր։

Ամեն տարի օգոստոսի 15-ին Ռուսաստանում նշվում է նրա հիշատակի օրը, ում երգերը չեն կորցնում իրենց արդիականությունը նույնիսկ նրա մահից երեք տասնամյակ անց:

Ցոյը ծնվել է Լենինգրադում 1962 թվականին։ Տղան մանկուց հետաքրքրվում էր նկարչությամբ և քանդակագործությամբ, կարող էր կրկնել ցանկացած մեղեդու ռիթմ ՝ սեղանին թմբկահարելով։ 1981-ի ամռանը ընկերների հետ ստեղծեց «Գարինը և հիպերբոլոիդներ» խումբը, որը շուտով վերանվանվեց «Կինո»: Ցոյը դարձավ դարաշրջանի խորհրդանիշ։ Նրա անունով է կոչվել աստերոիդ, նրան են նվիրված գրքեր, ֆիլմեր, կառուցվել են հուշարձաններ։ Հիշենք ռուսական ռոքի լեգենդի հետ կապված մի քանի ոչ ամենահայտնի փաստեր։

  • 1983-ին Ցոյը չցանկացավ գնալ բանակ ծառայելու, ուստի նրան նշանակեցին հետազոտություն հոգեբուժական կլինիկայում:
  • Վիկտոր Ցոյն աշխատել է որպես հնոցապան կաթսայատանը, որը հետո ստացավ «Կամչատկա» անվանումը: Այստեղ Ցոյը երգում էր երկրպագուների համար։
  • Մեր օրերում կա «Կամչատկա» ակումբ-թանգարանը ՝ ի պատիվ երաժշտի ստեղծագործական գործունեության։ Այստեղ են գալիս Ցոյի երկրպագուները և հիշում մեծ երաժիշտին։
  • Ցոյը սիրում էր փորագրություն փայտի վրա։ Նրան առաջին անգամ ցուցադրեցին հեռուստատեսությամբ «Մոնիտոր» ծրագրում ՝ որպես շնորհալի փայտ փորագրող։ Ցոյը հատկապես սիրում էր փայտից ճապոնական ավանդական ֆիգուրներ՝ նեցկեներ պատրաստել։ Այնուհետև նա բաժանում էր այս մանրանկարչական քանդակները ընկերներին և ծանոթներին:
  • Առաջին երգը երաժիշտը գրել է չափահաս տարիքում։
  • «Կինո» խումբը գոյության առաջին տարին կոչվել է Ա.Տոլստոյի ստեղծագործության պատվին՝ «Գարինը և հիպերբոլոիդները»:
  • Ցոյը սիրում էր լսել Գրեբենշչիկովի, Վիսոցկու, Duran Duran-ի երգերը։
  • Ըստ հարցումների ՝ «Կինո» խմբի ամենահայտնի երգերն են «Группа крови»-ն ու «Звезда по имени Солнце»-ն։ Շատերն անգիր գիտեն դրանց բառերը։
  • Երգիչը բազմիցս արտահայտվել է Վիսոցկու և Բոյարսկու ստեղծագործության մեծ ազդեցության մասին իր՝ որպես երաժշտի ձևավորման վրա։
  • Ցոյը չէր դիմանում արյան տեսքին։
  • No2740 աստերոիդն իր անվանումը ստացել է Ցոյի պատվին։
  • Խորհրդային տարիներին պորտաբուծության մեղադրանքով քրեական հոդված ստանալու վտանգ կար։ Ուստի Ցոյը աշխատանքի էր անցել կաթսայատանը և բաղնիքում։
  • Ցոյը շատ էր սիրում Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմերը։ Դա նրան դրդեց ուսումնասիրել թհեքվոնդոն: Երաժիշտը լավ տիրապետում էր նունչակներին։ «Կինոյի» ղեկավարի մեկ այլ հոբբի Միխայիլ Բոյարսկու ստեղծագործություններն էին։ Ցոյը անգիր գիտեր նրա բոլոր երգերը, գնում էր նրա ներկայացումներին, շատ ճշգրիտ ընդօրինակում էր Բոյարսկու ձայնն ու կատարման ձևը:
  • 1980-ականների վերջին «Ասեղի» ռեժիսոր Նուգմանովը գիտաֆանտաստիկ գրող Ուիլյամ Գիբսոնի հետ միասին աշխատում էր «Մահվան միջնաբերդ» ֆիլմի վրա, որը պատմում էր այլընտրանքային Լենինգրադում հանցավոր խմբավորումների պայքարի մասին։ Դրանում գլխավոր դերը պետք է կատարեր Ցոյը, սակայն երաժիշտը մահացավ մինչ նկարահանումների սկսվելը։
  • Առաջին կիթառը Ցոյին նվիրել են ծնողները։ Առաջին էլեկտրական կիթառը նույնպես դարձավ նրանց նվերը, թեկուզ իրենց կամքին հակառակ։ Մի անգամ ծով մեկնելիս մայրն ու հայրը երիտասարդ Ցոյին թողնում են 90 ռուբլի ապրելու համար ՝ օրական երեք ռուբլի։ Սակայն նա որոշում է, որ երաժշտությունն իր համար ավելի կարևոր է, և 87 ռուբլով էլեկտրական կիթառ է գնում։ Մնացած գումարով նա ծրագրել էր սնվել բելյաշներով (թաթարա-ղազախական ուտեստ, որ ԽՍՀՄ-ում վաճառվում էր կայարանների բուֆետներում), որոնց պատճառով թունավորվում է եւ մի քանի օր պառկում է տանը։
  • «Восьмиклассница» երգի հերոսուհին իրական նախատիպ ունի ՝ Ջենի Յասնեցը։ Նրան Ցոյի հետ ծանոթացրել է նկարիչ Անդրեյ Մեդվեդևը, ով 15-ամյա աղջկան նախապատրաստում էր արվեստի և արդյունաբերական ակադեմիա ընդունվելու համար։ Երաժիշտը շատ էր շփվում աղջկա հետ, իսկ նա գնում էր նրա բոլոր համերգներին։ Այժմ Յասնեցը զբաղվում է ինտերիերի դիզայնով։
  • Բեմում Ցոյը աներևակայելի եռանդուն էր և ինքնավստահ։ Սակայն նրա ընկերները նշում էին երաժշտի երկչոտությունն ու ամաչկոտությունը սովորական կյանքում, հատկապես կանանց հետ շփվելիս։
  • «Կինո» խումբն ունեցել է չորս արտասահմանյան համերգ ՝ երկուսը Ֆրանսիայում, մեկական՝ Դանիայում և Իտալիայում։