ԳլխավորՀայտնիները` ուսանող

Դպրոցում ատում էի սովորելը, բայց քոլեջում թևերս բացվեցին. Անդրե Սիմոնյան

Անդրե Սիմոնյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր և մենակատար Անդրե Սիմոնյանն է: Նա 1996-ին տեղափոխվել է  Մեծ Բրիտանիա, որտեղ ուսումնասիրել է երաժշտություն և մեդիա «Համերսմիթ և Վեսթ Լոնդոն» քոլեջում: Այնուհետև ստացել է Քեմբրիջի համալսարանի բարձրագույն վկայական որպես անգլերենի մասնագետ:

Դպրոցում ծույլիկ էր, քոլեջում թևերը բացվեցին

Անդրեի դպրոցական կյանքն անցել է Իրանի Թավրիզ քաղաքում, ավարտել է Ասադի հայկական դպրոցը: Ասում է` այնտեղ բավական հին համակարգ էր գործում. «Ատում էի դպրոցը, տանել չէի կարողանում հատկապես քիմիան: Կրթական համակարգը Իրանում այն տարիներին շատ հին էր, մի դասի ընթացքում ցուցաբերած ցածր առաջադիմությունը կարող էր պատճառ հանդիսանալ, որ չփոխադրվեի հաջորդ դասարան: Ծնողներս, ովքեր դասախոսներ են, ծանր էին տանում այն փաստը, որ վատ էի սովորում: Իսկ երբ արդեն Անգլիայում ընդունվեցի քոլեջ, սկսեցի բավական լավ սովորել, հայրս հարցեց` այդ ինչպե՞ս, ասացի` որովհետև սիրում եմ այն, ինչ սովորում եմ»,-պատմում է Անդրեն:

«System of A Down» խմբի ալբոմի առաջին ներմուծողը Հայաստան

Անդրեն պատմում է, որ արդեն ուսանողական տարիներին հասկացել էր` իրեն երաժշտությունն է գրավում: Հենց 2001-ին էլ ուսանողական շրջանակներում կազմեցին «Blue People Society» խումբը:

«Իմ ուսանողական տարիներին սկսեց հայտնի և պոպուլյար դառնալ հանրահայտ «System of A Down» խումբը: Եվ երբ այլազգի ընկերներիս ստիպված էի բացատրել, թե ով եմ ազգությամբ, տալիս էի այդ խմբի անունն ու ամեն բան իր տեղն էր ընկնում, բոլորը տեղն էին բերում (ծիծաղում է): Ի դեպ, ես եղել եմ «System of A Down» խմբի օրիգինալ ալբոմի առաջին ներմուծողը Հայաստան: Հիշում եմ` մտա «Արձագանք» ստուդիա, Արտավազդ Բայաթյանի հետ երկար լսեցինք ալբոմն ու հետաքրքիր քննարկում ունեցանք»,-նշում է երգիչը:

Անդրեի դասախոսն Էլթոն Ջոնի բասիստն էր

Անդրեի խոսքով` ինքը մի շարք լավ դասախոսներ է ունեցել, բայց առանձնացնում է մեկին, ով Էլթոն Ջոնի բասիստն էր. «Նա ասում էր` մոռացե´ք նոտաները, զգացե´ք՝ ինչ եք նվագում: Միշտ հիշում եմ իր այդ խոսքերը»: Երգչի խոսքով` ուսանողական տարիներին հատկապես հետաքրքիր էին անցնում երեքշաբթիները. «Ուսանողական ակումբ կար, որտեղ մատչելի գներով խմիչքներ էին մատուցում, և ամեն երեքշաբթի ռոք խումբ էր նվագում: Հիշում եմ, որ չորեքշաբթի օրերին բոլորս կիսաքուն էինք լինում, քանի որ նախորդ գիշեր այնտեղ էինք անցկացնում»,-պատմում է Անդրեն:

Նա բոլոր ուսանողներին խորհուրդ է տալիս չտառապել «դիպլոմամանիայով», երբեք չդադարել սովորել, իսկ եթե սովորել, ապա միայն միայն գիտելիքների համար։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ