ԳլխավորԼուր

Մահացել է բրիտանացի երգիչ Քրիս Ռին

Քրիս Ռի

74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ և երգահան Քրիս Ռին: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով նրա ընտանիքին:

«Կարճատև հիվանդությունից հետո երգիչ Քրիս Ռին այսօր առավոտյան (դեկտեմբերի 22-ին — խմբ.) մահացել է հիվանդանոցում՝ շրջապատված իր ընտանիքով», — ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր իր յուրահատուկ խռպոտ ձայնով և սլայդ-կիթառի նվագով։ Երգիչը հաջողության գագաթնակետին հասավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «The Road To Hell» (1989) թողարկմամբ, որը շատերը համարում են նրա լավագույններից մեկը, ինչպես նաև դրան հաջորդած «Auberge» (1991) ալբոմով։

Երաժիշտը ծնվել է 1951 թվականին Միդլսբրոյում՝ իտալացու և իռլանդուհու ընտանիքում, ունեցել է վեց եղբայր ու քույր։

«Միդլսբրոյի սրճարանում իտալական ծագումով իռլանդացի լինելը նշանակում է սկսել կյանքդ որպես վտարանդի»,- պատմում էր նա։

Պատանեկության տարիներին Ռին զբաղվում էր երաժշտությամբ՝ զուգահեռ աշխատելով որպես բանվոր, այդ թվում՝ հոր պաղպաղակի գործարանում, և մտածում էր լրագրողի կարիերայի մասին։ Ի վերջո, 22 տարեկանում նա միացավ «Magdalene» խմբին, որտեղ նախկինում նվագում էր Դևիդ Քովերդեյլը (հետագայում «Deep Purple» խմբի անդամ)։ Դրանից հետո Ռին միացավ մեկ այլ խմբի՝ «Beautiful Losers»-ին, բայց համագործակցության առաջարկ ստանալուց հետո սկսեց սոլո կարիերա՝ 1974 թվականին թողարկելով իր դեբյուտային «So Much Love» սինգլը։