ԳլխավորԼուր

Չինաստանում ուսանողուհի է մահացել. նա տառապում էր թերսնումից

Չինաստանի Տունժեն քաղաքի հիվանդանոցներից մեկում հունվարի 13-ին մահացել է 24-ամյա Վու Հուայանը, տեղեկացնում է CNN-ը նշելով, որ Գուայչժոու Ֆորեուներ քոլեջի ուսանողուհին տառապում էր թերսնումից, քանի որ չափազանց աղքատ էր։

Վուի հասակը 135 սմ էր, քաշը՝ 21.6 կգ։ Ծնողների մահից հետո նա ապրում էր կրտսեր եղբոր հետ եւ ամսական ստանում էր 300 յուան (43.5 դոլար) նպաստ։ Վուն խնայողաբար էր ծախսում գումարը, որպեսզի կարողանա օգնել հոգեկան հիվանդություն ունեցող եղբորը։

Վուն հիվանդանոց էր տեղափոխվել դեռ անցած տարվա հոկտեմբերին, երբ ոտքերն ուռել էին։ Բժիշկները պարզել էին, որ նրա սրտի փականը լրջորեն վնասված է, ու 29 000 դոլար արժողությամբ վիրահատության կարիք կա։

Երբ Վուի եւ նրա եղբոր պատմությունը հայտնվեց մամուլում, Պեկինի բարեգործական կազմակերպությունների մեկը արշավ սկսեց՝ գումարը հայթայթելու համար։ Հավաքվեց երեք անգամ ավելի գումար, որը սակայն չօգնեց առողջությունն անդառնալիորեն կորցրած ուսանողուհուն։

Նրա մահը մեծ աղմուկ է բարձրացրել չինական սոցցանցերում։ Օգտատերերի մեծ մասը հարց է տալիս, թե ինչու երկիրը չկարողացավ անել ավելին՝ աղջկան փրկելու համար։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Չինաստանի տնտեսությունը մեծությամբ երկրորդն է աշխարհում՝ 13.6 տրլն դոլար համախառն ներքին արդյունքով (2018 թ.)։ Սակայն տնտեսական զարգացման ուղին մեծ անհամաչափություն է առաջացրել Պեկինի կամ Շանհայի պես մեգապոլիսների եւ գյուղական մարզերի միջեւ։

Չինաստանի Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն՝ 2018-ին երկրում 16.6 միլիոն մարդ ապրում էր աղքատության գծից ներքեւ՝ ստանալով տարեկան 2300 յուանից (333 դոլար) ցածր եկամուտ։

 

Comment here