ԳլխավորՀայտնիները` ուսանող

Բժշկականում սովորելիս երեխայիս էի պահում, դասերին քնում էի, գիտեին` ծույլիկ ուսանող եմ. DJ Վակցինա

DJ Վակցինա

Usanogh.amը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը DJ Վակցինան է` Արուսիկ Մկրտչյանը: Նա սովորել է 3 տարբեր բուհերում` ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում, ՀՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, ինչպես նաև` ԵՊԲՀ-ում` կլինիկական լաբորատոր դիագնոստիկայի գծով:

Արուսիկի խոսքով` իր ուսանողական տարիները բավական բուռն են ընթացել, նա հավասարապես սիրում է բոլոր այն մասնագիտությունները, որոնք ընտրել է.

«Կենսաբանության ֆակուլտետում ուսանելիս, օրինակ, տարբերվում էր նրանով, որ ունեինք դաշտային պրակտիկաներ. առաջին, երկրորդ կուրսում Հանքավանում անցկացնում էինք գիտական պրակտիկա, և, իսկապես, շատ հետաքրքիր էր անցնում: Կենսաբանությունը եղել է իմ պաշտելի առարկան, առհասարակ, ինձ բնագիտության ֆանատ եմ համարում»։

Մարքեթինգը, Արուսիկի խոսքով, շատ արդիական մասնագիտություն է, և այն գիտելիքները, որոնք ստացել է Տնտեսագիտական համալսարանում, մշտապես կիրառում է իր նախագծերում. «Դե, իսկ Բժշկական համալսարանում ստացածս գիտելիքներն օգնում են, որ շրջապատիս, ընկերներիս խորհուրդներ տամ, ինչպես նաև` դրանք կրկին կիրառում եմ նախագծերի շրջանակում»:

Արուսիկի խոսքով` ինքը շատ ակտիվ, սովորող ուսանող է եղել, ընդգրկված է եղել ուսանողական, գիտական  խորհուրդներում,  ուսանողական շրջանակներում կազմակերպել է  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  խաղեր:

Ուշագրավ է, որ Բժշկականում սովորելու տարիները համընկել են միջնեկ որդու վաղ մանկության տարիների հետ. «Ինձ համար շատ դժվար էր չքնած գնալ դասերի, առավել ևս` ընկալել դրանք: Հաճախ դասերին ուղղակի քնում էի,  բացակայում էի, ու դասախոսներին թվում էր, թե ես ծույլիկ ուսանող եմ: Եվ երբ պետական ավարտական քննություններին գերազանց պատասխանեցի, բոլորն ապշել էին, ընկերուհուս ասել էին. «Վայ, փաստորեն, խելացի աղջիկ է»»,-պատմում է Արուսիկը:

Նա նշում է, որ պահում է կապը ուսանող ընկերների հետ, և տարիները, բարեբախտաբար, բացասաբար չեն անդրադարձել իրենց ընկերության որակի վրա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ