ԳլխավորՀայտնիները` ուսանող

Ուսանող ժամանակ մեզ գերաստղ չէինք կարծում, սերիալների մասին չէինք երազում. Լևս Դավթյան

Լևս Դավթյան

Usanogh.am«Հայտնիները՝ ուսանող» շարքի հյուրն է թատրոնի և կինոյի դերասան Լևս Դավթյանը: Նա հանրության լայն շրջանակներին հայտնի է «Արտիստը», «Ես եմ», «Ճամբարում», «Լյուդվիգ անունով ոզնին», «Իշխանություն» ֆիլմերից: Լևսը հիմա խաղում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում և Կապանի դրամատիկական թատրոնում:

-Լևս, նախ արի խոսենք ուսանողական տարիներից: Ավարտել եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ինչպիսի՞ն էր այնտեղ մթնոլորտը 2006-2010-ին:

-Այդպիսի հումոր կար. հարցնում էին` ի՞նչ է անում Թատերականի ուսանողն առավոտյան, պատասխան` զարթնում, լվացվում, նստում է դասի: Մեզ մոտ գիշերը 4-5 լսարան մարդ կար: Փորձեր էինք անում, իրար ավելի լավ էին ճանաչում, սիրահարվում էին, գինովնում էին, բայց այդ ամենի մեջ անշնորհքություն չկար: Ինստիտուտը եռում էր նույնիսկ գիշերը: Այն տարիներին, երբ մենք էինք սովորում, Թատերականում բավական բուռն մթնոլորտ էր. ռեժիսորական կուրսերը ներկայացում էին բեմադրում, թատերական կուրսերը խաղում էին, լավ իմաստով մրցակցություն կար, արվեստի հոտ կար: Ոչ մեկի գերնպատակը սերիալում նկարահանվելը չէր: Հիշում եմ` մի անգամ մտան լսարան, հարցրեցին` ով կուզի սերիալում նկարահանվի, բոլորը ծիծաղեցին: Մեզ համար առաջնայինը թատրոնն էր:

-Ձեր կուրսեցիների հետ կապը պահո՞ւմ եք:

-Ամբողջ կուրսով մենք մի ընտանիքի պես ենք եղել, մինչև հիմա էլ կապը, այո, պահում ենք: Երևի չկա մեկը, ում հետ պարբերաբար չհանդիպենք: Արսեն Լևոնյանը Պետերբուգում է, Մովսես Կարապետյանը` Լոս Անջելեսում, բայց մենք անընդհատ կապի մեջ ենք, իրար հասնող ընկերներ ենք: Այդ համախմբվածության հարցում իր մեծ ներդրումն է ունեցել կուրսի երջանկահիշատակ ղեկավար Տիգրան Գևորգյանը: Նա ասում էր` ոչ այնքան կարևոր է դերասան կդառնաք, թե ոչ, որքան այն, որ լավ մարդ դառնաք, լավ հանդիսատես: Ինքը շատ հետաքրքիր, կենսուրախ մարդ էր, ափսոս, որ ծանր հիվանդությունը հաղթեց նրան:

-Ձեր կուրսն, ի դեպ, աստղային կուրս է ստացվել, բազմաթիվ կադրեր եք տվել ոլորտին:

-Մեր կուրսն իսկապես շատ լավ դերասաններ է տվել` Անաիս Սարդարյան, Մովսես Կարապետյան, Արսեն Լևոնյան, Սոնա Մաթևոսյան, Անի Ղազարյան, Վիգեն Թադևոսյան, Նազիկ Բաղդասարյան, Արևիկ Ավետիսյան: Հազվադեպ է լինում, որ կուրսից այսդքան շատ լավ կադրեր են դուրս գալիս: Ասում էին` մի կուրսից եթե 2-3 դերասան էլ դուրս գա, ուրեմն լավ է: Բայց մեր կուրսը շատ դերասան տվեց:

-Ինչպիսի՞ն էր Թատերականի ձեր սերունդը: Ինչո՞վ էր այն առանձնանում:

-Մենք շատ ընդգծված հարգանք ունեինք մեծերի հանդեպ, դա է հիմա կորել, մեծամիտ չէինք, մեզ համար էլիտայի մաս էր թատրոնի դերասանը: Մենք ինստիտուտում մեզ գերաստղ չէինք զգում: Մեր ճաշակն էր լավը, ամեն լսարանից մի լավ երաժշտություն էր հնչում, նարկոմանիա քարոզող ռեփ երգեր չկային:

-Այն ժամանակ էլ ինֆորմացիայի մեծ պակաս կար…

-Այն ժամանակ ինֆորմացիայի աղբյուրները քիչ էին, գրքերից էինք օգտվում: Բայց դա ստիպում էր լավ, կարևոր բաներով զբաղվել: Հիմա կարող են վեպի կոնսպեկտը կարդալ, դրանով բավարարվել: Բայց լավ է, որ հիմա ուսանողները տեխնիկապես զինված են, կարող են, ասենք, համացանցից լավ ներկայացումներ գտնել, նայել: Ես, առհասարակ, շատ եմ կարևորում ոչ ֆորմալ կրթությունը: Գիտե՞ք` դերասանի աչքերից երևում է` ինքը կարդացած է, թե ոչ, երբ բեմ է դուրս գալիս, հայացքից ամեն բան պարզ է դառնում: Բայց հիմա այդ չափանիշներն էլ են փոխվել: Լավ դերասան է համարվում նա, ով սոցցանցերում ավելի շատ հետևորդներ ունի: Նայում ես` նախագծերում մեծ մասամբ տիկտոկյան, ինստագրամյան դեմքեր են. դա շատ վատ է: Ժողովրդին իջեցնում են իրենց սահմանած ցածր մակարդակին, ինչպես Սոս Սարգսյանն էր ասում:

-Լևս, մենք` հայերս, թատերասե՞ր ժողովուրդ ենք:

-Այո, ընդ որում` բավական քննադատ հանդիսատես ունենք: Օրինակ` Կապանի, Գյումրու, Վանաձորի հանդիսատեսին գոհացնելը բավական բարդ է, եթե ուրիշ տեղեր շատ բաներ չեն տեսել, կարող ես ինչ-որ բաներով խաբել, այդ քաղաքներում քննություն ես անցնում: Կապանի թատրոնը, օրինակ, բավական կայացած է, այնտեղ երիտասարդների լավ խումբ է հավաքված, Երևանից հրավիրյալ դերասաններ, ռեժիսորներ են գնում: Թատրոնը բուռն ստեղծագործական կյանքով է ապրում: Առաջիկայում ես էլ «Օսկար» ներկայացման մեջ գլխավոր դեր եմ խաղալու:

-Որքանո՞վ է կարևոր, որ թատրոններն այցելեն հատկապես սահմանամերձ գյուղեր: Այնտեղ շատ երեխաներ նույնիսկ մի ներկայացում չեն տեսել:

-«Մհեր Մկրտչյան» թատրոնով սահմանամերձ մի գյուղ չկա, դե Արցախն էլ չեմ ասում, որ հյուրախաղերով գնացած չլինենք: Տարվա կեսին Երևանի բեմում ենք, մյուս կեսին շրջագայում ենք: Գյուղի հանդիսատեսի արձագանքին, կարոտին ոչինչ չի հասնի, ոչ մի մայրաքաղաքում այդպիսի բան չես տեսնի:

-Արցախի կորստից հետո դուք ինչպե՞ս վերականգնվեցիք, ձեզ ի՞նչն է ուժ տալիս առաջ շարժվելու համար:

-Ոչ մի բան դեռ չի օգնել, անհնար է համակերպվել դրա հետ: Առաջ գնալու համար մի բանով քեզ խաբում ես, աշխատում ես օգնել արցախցիներին, բայց ենթագիտակցությանդ մեջ վրեժն է: Այս պարագայում վրեժն օգտակար զգացում է, այն ստիմուլ է` առաջ գնալու համար: Պետք է ոչ թե Արցախի մասին երգեր գրել ու տխրել, այլ այն հետ բերելու մասին մտածել: Հենց դրանով էլ մխիթարվում եմ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ