ԳլխավորՀայտնիները` ուսանող

Թատերականը խելագարների, «աննորմալների» ինստիտուտ է. Ստեփան Ղամբարյան

Ստեփան Ղամբարյան

Նա հանդես է գալիս Համազգային պետական և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Վերջերս հանդիսատեսը այս դերասանին տեսավ «No make up» ներկայացման մեջ` բավական զվարճալի իրավիճակներում: Խաղացել է «Փեսացուն կրկեսից», «Շախմատիստի սինդրոմ», «Վարդապետի լռությունը», «Որոգայթ», «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը», «Առաջնորդներ» ֆիլմերում: Խոսքը, իհարկե, դերասան Ստեփան Ղամբարյանի մասին է, ում հետ զրուցել է Usanogh.am-ը:

-Ստեփան, նախ սկսենք ուսանողական թեմաներից: Սովորել եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպիսի՞ն էին ուսանողական տարիները բուհում:

-Բախտս բերեց, որ իմ ուսանելու տարիներին Թատերական ինստիտուտում կրթվեցի շատ հետաքրքիր մարդկանց ձեռամբ, առիթ ունեցա շփվելու այնպիսի մեծերի հետ, ինչպիսիք էին Զավեն Տատինցյանը, Սոս Սարգսյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Էլբակյանը, Արմեն Մազմանյանը, Գրիգոր Մկրտչյանը… Ինստիտուտում իրենց շունչը միշտ կար: Իմ սովորելու տարիներին կար ավագ սերունդ, որն իսկապես սիրում էր բուհը և դժվարությամբ էր դրանից բաժանվում: Փաստ է, որ Թատերականից որևէ ուսանող չի հրաժարվում, չի մոռանում, դա այն միջավայրն է, որտեղ միշտ վերադառնում են:

-Նաև ա՞յդ էր պատճառը, որ վերադարձաք ինստիտուտ` արդեն որպես դասախոս:

-Մեզնից շատերն են ցանկացել աշխատել Թատերականում, քանի որ չենք ուզեցել կտրվել այնտեղի մթնոլորտից: Սա երևի Հայաստանի միակ բուհն է, որտեղ արվեստ կա: Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, բոլորն այստեղ են հավաքվում: Գուցե որոշ ժամանակ անց այլևս չդասավանդեմ, բայց կապս բուհի հետ պահելու եմ:

-Ինքներդ այլ սերնդի ներկայացուցիչ եք, Ձեր ուսանողները` այլ: Մտածողության ի՞նչ տարբերություններ եք տեսնում:

-Հիմա կրթական համակարգը գնում է դեպի, այսպես ասած, ուսանողակենտրոնություն: Դա ունի իր և´ լավ, և´ վատ կողմերը: Առհասարակ, ուսանողների հետ, կարծում եմ, մի քիչ դժվար է դարձել շփումը: Արվեստի բուհը փոքր-ինչ դուրս է համակարգերից, կաղապարներից. այստեղ սովորում են մարդիկ, որոնք պետք է մտածեն համակարգից դուրս, իհարկե, լավ իմանալով համակարգը: Արվեստը ցանկացած «իզմ»-ից դուրս է, այն շատ հարցերի պատասխանում է, շատ հարցերի պատասխան էլ կիսատ է թողնում: Թատերականը խելագարների տեղ է, մարդկանց, որոնք իրենցից դուրս են ապրում, վերացարկված: Ստամոքսային մտածողությունն այստեղ տեղ չունի: Այս բուհում պետք է կրթվեն «աննորմալները»: Պետությունն էլ շատ անելիքներ ունի Թատերական ինստիտուտը գոնե մի քայլ առաջ տանելու ուղղությամբ:

Դերասան Ստեփան Ղամբարյանն ուսանողների հետ
Դերասան Ստեփան Ղամբարյանն ուսանողների հետ

-Գիտեմ, որ ուսանողներով Սոս Սարգսյանի հետ առանձնակի մտերիմ էիք: Ինչպիսի՞ն էր նա ուսանողական միջավայրում:

-Մենք միշտ նայում էինք իր փորձերը, միշտ դահլիճում էինք: Եթե գործեր ունեինք, կիսատ էինք թողնում, գնում-նստում էինք դահլիճում: Նա իմաստուն մարդ էր, մեծ փորձով: Յուրաքանչյուր խոսք, դիտողություն, մոտեցում տվյալ տեսարանի, կերպարի հետ կապված շատ հետաքրքիր էր: Ինքը յուրահատուկ կերպով էր տեսնում աշխարհը, իսկապես, մեծ մարդ էր` մեծ դերասան լինելուց զատ: Նրա ամեն խոսք գնում էր ուղիղ դեպի ենթագիտակցություն: Ի դեպ, մենք երկար ժամանակ միասին փորձում էինք Գոգոլի «Ռևիզորը», որն այդպես էլ չխաղացինք: Վարպետը միշտ, անդադար զբաղված էր: Ամեն տարի փորձեցինք, այդպես էլ չհասցրեցինք խաղալ: Կցանկանայի, որ մերոնցից մեկը այդ աշխատանքն ավարտին հասցներ:

Ինչ վերաբերում է մեր անձնական շփումներին, ասեմ, որ Սոս Սարգսյանը մեզ շաբաթական մեկ անգամ տանում էր իր ֆանտաստիկ ամառանոց: Այնտեղ նա Հրաչյա Գասպարյանի հետ երբեմն շախմատ էր խաղում, այդ ընթացքում հետաքրքիր զրույցներ էին ունենում, մեր օրն ավելի հետաքրքիր էին դարձնում: Հետաքրքիր դրվագներ էին հիշում, միմյանց հետ զավեշտալի երկխոսության մեջ էին մտնում: Մեր կուրսի Արման Նավասարդյանն էլ ասում էր` երբ պապին (Մենք Սոս Սարգսյանին փաղաքշաբար «պապի» էինք անվանում) ռեկտոր էր, Գասպարյանը դիտավորյալ պարտվում էր շախմատում, հենց ռեկտոր դարձավ ինքը` Գասպարյանը, առաջին իսկ խաղում հաղթեց (ծիծաղում է): Չէինք գիտակցում, բայց այդ ընթացքում մենք էլ մեր պատմությունն էինք կերտում, մեր ճանապարհն էինք հարթում:

-Ստեփան, մի քիչ էլ կարիերայից խոսենք: Հիմա ընդգրկված եք «No make up» ներկայացման մեջ, ինչպիսի՞ն է այնտեղ Ձեր կերպարը:

-Դա իրավիճակային կոմեդիա է, որն, այսպես ասած, հայաֆիկացվել է, մեր միջավայրին շատ լավ համապատասխանեցվել է: Դա մի կնոջ պատմություն է, որը միանգամից երկու սիրեկան ունի, նրա մոտ հյուր է գալիս ընկերուհին, և բավական արկածային, զավեշտալի պատմություններ են ծավալվում:

-Ի դեպ, ձեր մասնակցությամբ «Տրամվայ Ցանկությունը»` Սուրեն Շահվերդյանի բեմադրմամբ, բավական տպավորիչ էր, ինչո՞ւ այն շարունակական չեղավ:

-Իրականում շատ եմ ափսոսում, որ այն այլևս չի ցուցադրվում, քանի որ բավական լավ բեմադրված ներկայացում էր, ու ասեմ, որ հիմա բոլորովին այլ կերպ կխաղայի կերպարս: Տարիների ընթացքում սկսում ես վերաիմաստավորել քո անցածը, քո խաղացած դերերը, ու սկսում ես կերպարին ուրիշ անկյունից նայել: Պարզապես չէինք կարողանում ազատ բեմ գտնել, հիմնականում դա էր խնդիրը, որ այլևս չի ցուցադրվում ներկայացումը:

-Եվ վերջում` Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:

-Եթե կա մի բան, որը կարող է ավելի լավը դարձնել մեր իրականությունը` կրթությունն է: Շա´տ կրթվեք:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ