ԳլխավորԼուր

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տնօրենների հետ

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման խրախուսմանը:

Նախարարի տեղակալը մանրամասն խոսել է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրման մասին՝ նշելով, որ առանձնացվել են դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Վարչատնտեսական մասի համակարգողը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը, իսկ տնօրենը` ուսումնական գործընթացի պլանավորումը և կազմակերպումը։

Անդրադարձ է կատարվել նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ հավակնորդները բովանդակային ծրագրեր կազմելու ուղղությամբ դեռ անելիքներ ունեն, քանզի տնօրենի պաշտոնի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերն անցնում են մասնագիտական փորձաքննություն: Ներկայացված ծրագրերի մի զգալի մասը դրական եզրակացություն չեն ստացել, ինչը, ըստ փոխնախարարի, մտահոգիչ է:

Ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, և կամավոր ատեստավորմանը մասնակցելու, անհրաժեշտ միավորներ վաստակելու դեպքում վերջիններս կարող են շարունակել մասնագիտական գործունեությունը։

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել Արաքսիա Սվաջյանին:

Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տնօրեններ

Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տնօրեններ