Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին, տեղեկացնում է News.am-ը։
Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում:
Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:
Քանի որ դեկտեմբերին լրացել էր Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, նրա լիազորությունները դադարել են եւ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսմասված Տաթեւիկ Մելքոնյանը:
Դեկտեմբերից մինչ օրս նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն այսօր նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:
Սա անակնկալ է եղել ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար, ինչն էլ առաջացրել է նրանց վրդովմունքը:
Բողոքի ակցիա է անցկացվել նաև դպրոցի բակում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։