Նա առաջինն էր, որ նոր շունչ ու ռիթմ հաղորդեց Չարենցի, Տերյանի և այլ հայ ու արտասահմանյան գրողների խոսքերով երգերին: Այս ռոք երգիչն ու երգահանը լայն զանգվածներին հայտնի դարձավ 2013-ին` «Եվրատեսիլին» մասնակցությամբ և իր տպավորիչ ելույթով: Նա ծնվել է հայտնի կիթառահար և ջազմեն Մկրտիչ Սուջյանի ընտանիքում:
Դե, իհարկե, խոսքը Գոռ Սուջյանի մասին է: Թվում է, թե նրա մասին գիտենք ամեն ինչ, բայց արի ու տես, որ կա մի փաստ, որը, վստահ ենք, դուրս է մնացել ձեր ուշադրությունից: Գոռը չի ավարտել որևէ բուհ։
Եվ այսպես, Usanogh.am-ի «Հայտնիները` ուսանող» շարքի հյուրն այս անգամ ունիկալ է. նա երբեք չի եղել ուսանող, բայց հասել է իր կարիերայի հաջողության գագաթին:
-Գո´ռ, փաստորեն, դուք դասական օրինակն եք այն մարդու, որն առանց ֆորմալ կրթության, ինքնակրթության միջոցով զրոյից կերտել է իրեն:
-Այո, թեպետ այդտեղ գլուխ գովալու բան չկա (ծիծաղում է): Ամեն մարդ պետք է ուղղակի իր կոչմանը հավատարիմ լինի: Կրթությունը, իհարկե, օգնում է ավելի հմտանալու քո գործի մեջ: Շատ դեպքերում ինձ, օրինակ, նոտաներ չիմանալը խանգարում է: Ինքս գործիքավորումներ եմ անում, և օրինակ` ջութակի, օրկեստրալ գործիքավորումների ժամանակ երբեմն զգում եմ կրթության պակասը:
-Բայց ես գիտեմ, որ Մալխասն էլ նոտաներ չգիտի, ու դա իրեն չի խանգարում լինել լավ երաժիշտ:
-Ինձ օգնում է իմ ականջը: Ինչ-որ բան եթե ուզում եմ անել, զուտ ականջով եմ անում: Հիմա, փառք Աստծո, կա համակարգիչ, որի միջոցով կարող եմ ջութակի համար նախատեսված պարտիա գծել, նվագել ու ուղարկել մասնագետի, որը դա կվերածի նոտաների:
-Իսկ գուցե դեռ ուշ չէ՞ կրթության բացը լրացնելու համար:
-Իհարկե, երբեք ուշ չէ: Համալսարանում սովորելու իմաստ չեմ տեսնում, բայց կրթվելու իմաստ, բնականաբար, կա` թե´ իմ մասնագիտության գծով, թե´ առհասարակ: Անկեղծ ասած, քովիդի ժամանակ ուզում էի օնլայն դասեր վերցնել, բայց կիսատ մնաց:
-Իսկ երբևէ չեք էլ փորձե՞լ բուհ ընդունվել, թե՞ պարզապես չի ստացվել:
-Փորձել եմ, 17 տարեկանում դիմել եմ Թատերական ինստիտուտ, մյուզիքլի բաժին: Ու շատ յուրահատուկ պատճառով չստացվեց` չէի հասցրել անձնագիր հանել (ծիծաղում է): Ու հետո մտա երաժշտական աշխարհ, դռներն ինքն իրեն սկսեցին բացվել: Իմ դեպքում իմ մասնագիտությունն ինքն ինձ ընտրեց, ոչ թե ես` իրեն:
-Իսկ, առհասարակ, որքանո՞վ եք կարևորում ոչ ֆորմալ կրթությունը: Այն ի՞նչ դեր ունի հիմա ձեր կյանքում:
-Բարձր եմ գնահատում. բուհը հաճախ միայն թուղթ է տալիս` դիպլոմի տեսքով, որը կարելի է ձեռք բերել, ասենք, կաշառքի միջոցով: Ուստի ավելի կարևորում եմ հենց ինքնակրթությունը:
-Իսկ արտերկրում ուսանելու մասին մտածե՞լ եք, վստահ եմ` բազմաթիվ հնարավորություններ եք ունեցել:
-Շատ եմ մտածել, բայց չի ստացվել: Հետո արդեն անձնական կյանքս կառուցեցի, բալիկ ունեցանք, կյանքն այլ կերպ դասավորվեց:
-Իսկ, ըստ ձեզ, ո՞վ է կիրթ մարդը, ու՞մ կարելի է համարել կիրթ:
-Դժվար հարց եք տալիս: Դաստիարակված, բարեկիրթ լինելն է ինձ համար կարևոր: Դա ոչ միայն քեզ է պետք, այլև դիմացինին: Դու պետք է քո բարքով ու վարքով գոնե չխանգարես դիմացինին, եթե չես կարողանում օգնել: Ցավոք, մենք ապրել ենք մութ ու ցուրտ տարիներին, դժվար ժամանակներում, պարբերաբար պատերազմներ ենք տեսել, որոնք չեն դադարում, և կրթության հարցը փոքր-ինչ մղվել է հետին պլան:
-Դուք ձեր կյանքի մեծագույն ուսուցիչ ո՞ւմ եք համարում:
-Կյանքն ինքնին ուսուցիչ է: Չէի ասի` ինքդ քո սխալների վրա պետք է սովորես, ո´չ, նաև դիմացինի սխալների վրա կարող ես սովորել, քեզ փոխել: Ուսուցչի մեծագույն օրինակն ինձ համար, միշտ նշել եմ ու կնշեմ` Քրիստոսն է: Բացի այն, որ նա աստված է, նա նաև մարդացել է, մարդ է, օրինակ` ինչպես կարելի է ապրել:
-Ի դեպ, արտաքուստ նման եք Քրիստոսի` ֆիլմերի, կտավների միջոցով մեզ հրամցված կերպարին:
-Հա, շատ են ասել:
-Եթե Թատերականում ձեզ ընդունեին, գուցե խաղայիք նրա դերը (ծիծաղում ենք):
-«Jesus Cries»-ը եթե բեմադրեին` գուցե: Ի դեպ, ինձ առաջարկել են Քրիստոսի դերը, պարզապես նախագիծը կյանքի չի կոչվել:
-Գոռ, իսկ ո՞ր աղբյուրից ստացած գիտելիքներն են ձեզ կյանքում ամենաշատը պիտանի եղել` ընտանիքի անդամների խորհուրդներ, դպրոց, ընկերական շրջապատ, երգարվեստ…
-Ինձ թվում է` բոլոր աղբյուրները միասին. ամեն մեկն իր չափաբաժինն ունի ինձ կերտելու հարցում: Բայց հիմա շատ վիրտուալ ենք սկսել ապրել: Առանձնակի կարևորում եմ օֆլայն ապրելը, նոր մտքեր հենց այդ ֆորմատի շփումից են ծնվում:
-Եվ վերջում` ձեր հորդորը` մեր ուսանողներին:
-Միգուցե ինքնատիպ չհնչի, բայց ասեմ` սիրե´ք ձեր մասնագիտությունը, ոչ թե մտածեք փառքի, հաջողության մասին, այլ ձեր ուսմանը, աշխատանքին նվիրվելու: Դա ինքնին կբերի ցանկալի արդյունքը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ