ԳլխավորՀայտնիները` ուսանող

Կյանքս կոնսերվատորիայում անցավ, սկզբում ես էի ուսանող, հիմա ինքս ուսանողներ ունեմ. Կամո Սեյրանյան

Կամո Սեյրանյան

Նա պնդում է, որ իր ամբողջ կյանքն անցել է Երևանի պետական կոնսերվատորիայում: Սկզբում ինքն էր ուսանող, հետո, արդեն 20 տարի շարունակ, դասավանդողի դերում է:

Usanogh.am-ի «Հայտնիները` ուսանող» շարքի հյուրը դուդուկահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանն է: Նա 2002-ին ավարտել է Կոնսերվատորիայի «Ժողովրդական նվագարանների» ամբիոնի դուդուկի դասարանը: Կամո Սեյրանյանի վարպետը եղել է Գևորգ Դաբաղյանը: Մինչև կոնսերվատորիան սովորել է նաև  Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում:

-Կամո´, ինչպիսի՞ ուսանող եք եղել:

-Ես բավական կյանքով լի, ճարպիկ ու աշխույժ ուսանող եմ եղել, այսպես ասած` տեղս տիտիկ չեմ արել (ծիծաղում է):

-Ձեր պարագայում հրաժեշտը դպրոցին կարծես թե ավելի վաղ է եղել, քան սովորաբար:

-Այո´, եթե հիմնականում մարդիկ ուսանող դառնում են 17-ից, ես 15 տարեկանից արդեն ուսանող էի: Իմ հարազատ Չարենցավանին, իմ դպրոցին 15 տարեկանում եմ հրաժեշտ տվել ու  գնացել մայրաքաղաք, դարձել ուսանող:

-Կապը պահո՞ւմ եք կուրսընկերների հետ, հանդիպումներ լինո՞ւմ են:

-Իմ բոլոր ուսանող ընկերների հետ կապը պահում եմ, մենք կուրսեցիներով հաճախ հավաքվում ենք: Հատկապես մտերիմ եմ նրանց հետ, ովքեր ակտիվ կերպով զբաղվում են երաժշտական կյանքով: Բոլորովին վերջերս  Տյումեն քաղաքում էի, և առաջին նպատակս այն էր, որ հասնեի այնտեղ, ուսումնարանի դուդուկահար ընկերոջս տեսնեի: Ուսանողական կյանքի հետ կապված հիշողությունները շատ ուրիշ են: Այդ տարիքում դու արդեն երեխա չես, բայց ոչ էլ ամբողջովին  հասուն ես, շատ հետաքրքրիր զգացողություններ են:

-Լսել եմ, որ շատ հայտնիներ հենց ձեր կուրսից են եղել:

-Այսպես ասեմ` մեր կուրսը դարձավ աստղային կուրս: Այդ «աստղային» բառը չեմ սիրում, բայց  այս անգամ ասեմ: Կողքից էլ են շատ ասել դա: Արման Հովհաննիսյան, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյան, մեր կուրսից չէր, բայց մեր շրջապատից էր նաև ռոմանսների Արսեն Գրիգորյանը, շատերին կարող եմ թվարկել:

-Իսկ ի՞նչ էր ձեզ համար նշանակում մնալ և դասավանդել հարազատ  կրթօջախում, ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ նման առաջարկ ստացաք:

-Կոնսերվատորիան ավարտելուց մի քանի ամիս անց «Ժողնվագարաններ» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը զանգահարեց, ասաց. «Կամո´, որոշում եմ կայացրել, որ դու պետք է դասավանդես կոնսերվատորիայում»: Մոտս մի պահ դադար եղավ: Ինչպե՞ս, ե՞ս` կոնսերվատորիայո՞ւմ: Ասաց. «Այո, հավատա` դու պատրաստ ես, ես քո մեջ դասախոսի մեծ պոտենցիալ եմ տեսնում»: Նոր ավարտած տղա, ու արդեն` դասախոս: Եվ այդպես, 20 տարի է` դասախոսի գործունեությունս  սիրով շարունակում եմ:

-Ձեր ուսանողների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: Վստահ եմ`նրանց հետ ընկերական կլինեք:

-Իմ բոլոր ուսանողների հետ  բացի դասախոս լինելուց` և´ ընկեր եմ, և´ ծնող եմ, և´ եղբայր եմ: Այն, ինչ կուզենայի տեսնել, լսել իմ դասախոսներից  ուսանողական տարիներին, նույնը հիմա ես եմ փոխանցում իմ ուսանողներին: Շուտ դասախոս եմ դարձել, շուտ էլ ամուսնացել եմ, այնպես որ`մեծացա երեխեքիս հետ և  կոնսերվատորիայում (ծիծաղում է):

-Ձեր դստերը`Սեդային, որը ևս երգարվեստի ոլորտում է, դասավանդե՞լ եք:

-Ոչ, որպես ծնող եմ դաս տվել (ծիծաղում է): Եթե դուստրս ժողովրդական, էստրադային երգերի կատարող է, որդիս` Լևոնը, քաղաքային ֆոլկլորի կողմն է գնացել: Թե´ իմ զավակներին, թե´ ուսանողներիս, թե´ ձեր ընթերցողներին հորդորում եմ լավ սովորել, շփվել մեծերի հետ, նրանցից նախ և առաջ կյանքի, հետո` մասնագիտական դասեր վերցնել:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ