ԳլխավորՀայտնիները` ուսանող

Փորձի շորերով էինք քնում-զարթնում, Թատերականի բեմը դարձրել էինք սրճարան. Լիլի Էլբակյան

Լիլի Էլբակյան

Usanogh.am-ը ներկայացնում է «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն է: Նա  2008-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, սովորել է Մայիս Ռաֆայելյանի արվեստանոցում:

Բա էլ ո՞ւր, եթե ոչ Թատերական

Այնպես է ստացվել, որ Լիլիի մանկությունն անցել է թատրոնում, ու երբ արդեն եկել է  մասնագիտության ընտրության պահը, նա մտածել է. «Բա էլ ո՞ւր, եթե ոչ` Թատերական». «Հայրս դեմ էր, որ դերասանուհի դառնամ: Ես նաև լավ նկարում էի, ասում էր. «Մուլտիպլիկատոր դարձիր, իսկ  եթե թատրոնը շատ ես սիրում` մեկ-մեկ քեզ դերեր կտանք»: Մի կերպ համոզեցի, որ Թատերական ընդունվեմ ու գնացի ռեժիսուրայի բաժին: Նիկոլայ Ծատուրյանն ինձ տեսավ, ասաց. «Սիրուն աղջիկ է, թող գա իմ դերասանական կուրս»: Ես չեմ ափսոսում, որ ռեժիսորական ուղղությունն ընտրեցի: Արի ու տես, որ հիմա ռեժիսուրան իմ առաջին մասնագիտությունն է»,-նշում է Լիլին:

Լիլի Էլբակյան
Լիլի Էլբակյան

Լսարանում «սպաս» էին եփում և տոլմա փաթաթում

Լիլին համարում է, որ իր կյանքի լավագույն շրջանը հենց ուսանողական տարիներին է եղել: Նրա համակուրսեցիներն են եղել Աննա Մանուչարյանը, Էվա Խաչատրյանը, Մեսրոպ Աբդոյանը, Սիլվի Բարկովան, Հրանուշ Չիչակյանը։

«Մայիս Ռաֆայելյանը հոր պես էր մեզ համար, նա ամեն մեկիս մեջ նկատում էր մի  տաղանդ, ու ստիպում, որ գնանք դրա ետևից: Օրինակ` եթե մեկը լավ գրում էր, այնպես էր անում, որ դառնա դրամատուրգ, եթե ռեժիսուրայից էր լավ, ամեն բան անում էր, որ այդ մարդը  դառնա ռեժիսոր: Մեր կուրսում մեկը լավ նկարում էր, մյուսը` գրում, մեկն օպերատոր էր, մյուսը ձևավորումներ էր անում: Մենք ապրում էինք լսարանում, գիշերները մնում էինք այնտեղ, փորձերի շորերով քնում-արթնանում էինք, «սպաս» էինք եփում, տոլմա էինք փաթաթում, կարճ ասած` Թատերականը մեր երկրորդ տունն էր»,-ասում է Լիլին:

Արմեն ու Լիլի Էլբակյանները
Արմեն ու Լիլի Էլբակյանները

Գնչուական բեմադրություն` ընդամենը մեկ օրում

Երիտասարդ, ամբիցիոզ ուսանողները մի օր քնեցին-զարթնեցին ու որոշեցին, որ պետք է մի գիշերում  գնչուական մեծ ներկայացում բեմադրեն: Իրենց կուրսղեկին խնդրեցին, որ մի օր դաս չանեն. «Հաջորդ օրը Մայիս Ռաֆայելյանը մի փոքր զայրացած, որ դաս չենք արել, եկավ լսարան: Մենք այնպիսի մի ներկայացում տվեցինք, որ սկսեց քթի տակ շվշվացնել. նա ադպես էր վարվում այն ժամանակ, երբ պետք է զայրանար, բայց զգում էր, որ լավ բան ենք արել: Վերջում մնաց-մնաց, ասաց. «Լա´վ, քյորղլիներ, ապրե´ք»,-հիշում է Լիլին:

Թատերական սրճարան` լսարանում

Մի օր էլ Լիլին և կուրսեցիները որոշեցին, այսպես ասած, Թատերական սրճարան բացել հենց լսարանում. «Ով ինչ ուներ` բերել էր, բեմը շատ գեղեցիկ զարդարել էինք, ամեն երեկո դասախոսներից մեկին կանչում, թեյի սեղանի շուրջ հարցազրույցներ, մաստեր-կլասներ էինք անում: Իսկապես, երանելի ժամանակներ էին,  Թատերականը նման չէ այլ բուհերին, այնտեղ բոլորն արվեստ են շնչում…»,-եզրափակում է Լիլին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ