ԳլխավորՀայտնիները` ուսանող

Մենք Թատերականում զարթնում էինք, լվացվում ու գնում տուն. Սամվել Թոփալյան

Դերասան Սամվել Թոփալյան

Usanogh.am-ը ներկայացնում «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ կզրուցենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասան Սամվել Թոփալյանն է: Նա սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 2002-2006-ին, Արմեն Մազմանյանի կուրսում, դերասանական բաժնում: Նրա կուրսեցիներն են եղել այսօր թատրոնի ու կինոյի աշխարհում հայտնի մարդիկ` Գուրգեն Սարգսյան, Աշոտ Տեր-Մաթևոսյան, Նարինե Պետրոսյան, Գայանե Բալյան…

Գրված ու չգրված օրենքներ

Սամվելն ուրախ է, որ հանգամանքների բերումով հենց Մազմանյանի կուրսում է հայտնվել: Ասում է` լավ է, որ ընդգծված անհատականության թևի տակ է եղել: Ի դեպ, Մազմանյանը մարդկային և մասնագիտական հարաբերություններում «հատուկ կանոնադրությամբ» է շարժվել.

«Կային նույնիսկ աֆորիզմներ, որոնք լսարանի պատին փակցված էին, և մենք դրանք խախտելու իրավունք չունեինք։ Օրինակ` ամեն մարդու ազատություն վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է դիմացինի ազատությունը: Ներքին կանոնադրության մեջ էր մտնում նաև այսպիսի մի օրենք` մենք չէինք գնում բուֆետ և նստում այլ ուսանողների հետ, հաց ուտում, փոխարենը ուտելիքը բերում էինք լսարան, բոլորս միասին նստում էինք սեղանի շուրջ. այս սովորույթի հիմքում միասին հաց կիսելու գաղափարն էր դրված»,-պատմում է Սամվելը:

Դերասան Սամվել Թոփալյան

Խաղում էին ներկայացում, հասույթը` ընկերների ուսման վարձերին

Ուսանողական թատրոնի բեմում Մազմանյանի կուրսը խաղում էր ներկայացումներ, իսկ դրանցից գոյացած հասույթն տրամադրվում էր այն ուսանողներին, որոնք ի վիճակի չէին ուսման վարձ վճարել. «Օրինակ` մենք խաղացինք «Գարեգին Նժդեհ. Հայաստան և ճշմարտություն» ներկայացումը, և հասույթը փոխանցեցինք մեր ընկերներին: Դա հաճելի պարտավորություն էր»-հիշում է դերասանը:

Փորձեր, փորձեր` մինչև ուշ գիշեր

Սամվելը հիշում է, որ հաճախ մինչև կեսգիշեր կուրսեցիներով մնում էին ինստիտուտում, փորձեր էին անում, երբեմն էլ մի քիչ խմում էին. «Թատերականի ուսանողի կյանքը բոլորովին ուրիշ կյանք է: Մենք առավոտյան զարթնում էինք, լվացվում ու գնում տուն (ծիծաղում է): Երբեմն բեմական խոսքի դասերն այնքան էին ձգձգվում, որ մեկը տնից խաշած կարտոֆիլ էր բերում, մյուսը` թթու, մաճառ: Նստում, միասին զրուցում էինք, քննարկում, ուտում-խմում: Լինում էին անգամ դեպքեր, երբ մեր դասախոսի` Աննա Հեքեքյանի տանն էինք գիշերում: Առավոտյան նա արթնացնում էր մեզ, թեյ, հաց ու պանիր էր հյուրասիրում ու ճանապարհում դասի»,-պատմում է դերասանը:

Պետք է ամուսնանալ մասնագիտության հետ

Դիմորդներին, որոնք պատրաստվում են Թատերական ինստիտուտում սովորել, Սամվելը զգուշացնում է` մասնագիտությունը երբեք չպետք է դառնա պարտավորություն. «Մասնագիտության ընտրությունն ամուսնության նման բան է` ամբողջ կյանքի համար է: Այնպես որ, թող լավ մտածեն` ինչ են ուզում…»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ