ԳլխավորԽճանկարԿրթություն

Հայաստանում կյանքից կտրված ու չապրեցնող կրթություն է. Նելի Փիլոյան

Կողբի վոկալ գործիքային բենդը

«Մի խելագարությունն էն էր, որ որոշեցի մանկավարժ դառնալ, մյուսն էլ էն, որ Երևանից գնացի սահմանամերձ գյուղեր` դաս տալու»,-ասում է երաժիշտ և դիրիժոր Նելի Փիլոյանը:

Երևանից Իջևանի գյուղեր հասնում է ավելի քան 2 ժամում, այդ ընթացքում մեքենայի մեջ իրեն ընկեր են «Քուինի», «Բամբիռի», Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի երգերը: ՔՈԱՖ դպրոցը սմարթ սենյակներ ունի նաև Տավուշի մարզի Այգեհովիտ, Կոթի և Վազաշեն գյուղերում. վերջինս հայ-ադրբեջանական շփման գծից 1 կմ է հեռու: Այս գյուղերում Նելին երաժշտության, կիթառի ու հարվածային գործիքների դասեր է տալիս: Իսկ Կողբում նա ստեղծել է վոկալ գործիքային բենդ, որի անդամ են ուսուցիչներ ու սովորողներ: Նելին ընդունվել է նաև Թումո ակադեմիա, որտեղ վերապատրաստվում է որպես երաժշտության դասընթացավար:

Usanogh.am-ի հետ զրույցում նա պատմել է սահմանամերձ գյուղերում դասավանդելու առանձնահատկության, այնտեղի դպրոցների կարիքների, մեր հանրակրթության բացերի և այլ թեմաների մասին:

-Նելի, ո՞վ է ուսուցիչը:

-Իսահակյանն ասել է. «Ծնողը մարդուն տալիս է մարմին, իսկ ուսուցիչը` հոգի»: Սրանից լավ ո՞նց ասեմ:

-Իսկ ո՞վ է լավ ուսուցիչը:

-Նախ` մարդ, որին ցանկանում են բերանը բաց լսել: Լավ ուսուցիչն ինքն անհատ է և սովորողին նախ և առաջ վերաբերվում է որպես անհատի: Լավ ուսուցիչն անընդմեջ սովորողն է:

Նելի Փիլոյանը աշակերտների հետ

-Ոչ ֆորմալ կրթությունը երբևէ կհաղթի՞ ֆորմալին:

-Արդեն հաղթում է: Ոչ ֆորմալ կրթությունը իրացվում է նաև ինքնակրթության միջոցով, իսկ կապիտալիստական հասարակարգում ինքնակրթությունն առաջին պլանում է:

-Ի՞նչն առանց երկմտելու կփոխեիր մեր հանրակրթական համակարգում:

-«Զուբրիտի ինստիտուտը»: Դաս պատմելու ռոբոտացված պրոցեսը պետք է փոխարինել քննարկումներով: Սովետի շորշոփից պետք է ազատվել: Մի բան էլ կա, որ աբսուրդ է` հատկապես մարզերում, օրինակ` աշխարհագրության ուսուցիչը կարող է 5 առարկա դասավանդել… Ուսուցիչների դեֆիցիտի խնդիրն է պետք լուծել: Իսկ, առհասարակ, Հայաստանում հանրակրթությունը կյանքի հետ կապ չի հաստատում, կյանքից կտրված կրթություն է: Դա չապրեցնող կրթություն է: Դա կփոխեի:

-Իսկ ինչո՞ւ առաջացավ ուսուցիչների դեֆիցիտը:

-Շատ պարզ պատճառով: Շրջանավարտն այսօր մտածում է. «Ինչու՞ ուսուցչի գործն ընտրեմ, 150 հազարի համար տանջվեմ, նյարդեր քայքայեմ, դրա փոխարեն կգնամ ՏՏ ոլորտ, կստանամ դրա տասնապատիկն ու առոք-փառոք կապրեմ»: Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է:

-Ուսուցիչը հեղինակությո՞ւն է, թե՞ ընկեր:

-Իսկ քո ընկերը քեզ համար հեղինակություն չէ՞. թե´ մեկը, թե´ մյուսը: Այդ երկուսը պետք է փոխկապակցված լինեն:

-Սահմանամերձ գյուղերի դպրոցներն ամենաշատը ինչի՞ կարիք ունեն:

-Ես կարող եմ ասել` շենքային, գույքային լավ պայմանների, բայց առաջինը կասեմ`զրույցի: Գյուղի երեխան երազանքներ ունի, բայց հաճախ չի հավատում, որ դրանք կարող են իրականություն դառնալ: Երբ զրուցում ես հետը, ասում, որ անհնար բան չկա, աչքերը փայլում են… Սա ամենակարևորն է: Վատն այն է, որ իր հետ զրուցող չկա: Գյուղի երեխան կարող է խեղճանալ, երբ, օրինակ, քաղաքից դպրոցականների խումբ է գալիս իր դպրոց: Նայում ես դեմքին ու հասկանում ես, որ կծկվել է, ընկճվել է իր մտացածին փոքրությունից: Ուսուցչի գործը պետք է լինի ասել նրան`քո հնարավորությունը գուցե փոքր է, բայց դու փոքր չես, դու մե´ծ երազիր…

-Ինչո՞վ է գյուղի երեխան ուրիշ:

-Նրա ու քաղաքի երեխայի աշխարհայացքները շատ տարբեր են: Գյուղի երեխան իր փոքրիկ տարածության մեջ մեծ աշխարհ է տեսնում, իսկ քաղաքի երեխան կարող է իր մեծ տարածության մեջ դատարկ լինել: Լինում է նաև հակառակը: Գիտե՞ս` երեխան երեխա է: Բայց գյուղի երեխան իր սպեցիֆիկան ունի. նա կարող է դասի գալ կով կթելուց հետո, օրինակ… Դու պետք է ծանոթ լինես նրա կենցաղին, խնդիրներին, պետք է տեղավորվես դրանց մեջ ու միևնույն ժամանակ նրան հանես դրանց միջից, հասկացնես, որ դրանից դուրս էլ կյանք կա: Ի դեպ, շատ կարևոր է քաղաքի ու գյուղի երեխաներին հանդիպեցնելը. մեկը մյուսից վերցնելու շատ բան ունի:

-Դու խոսեցիր նաև դպրոցների վատ պայմաններից…

-Հա, օրինակ` եթե մտնես Վազաշենի դպրոց, էլ սովորելդ չի գա` ծմակ, սառը, անհրապույր… Դպրոցը պետք է կանչի երեխային: Օրինակ`գրադարանը պետք է այնպիսին լինի, որ երեխան չուզենա այնտեղից դուրս գալ: Իսկ ինչպիսի՞ն են մեր գրադարանները` խցեր են` խոնավ, գրքերի վրա` փոշի, մութ… Չի´ կարելի։ Այսպիսի միջավայրում ուսուցիչն էլ հետզհետե սկսում է իր գործն իմիջիայլոց անել, երեխայի մասին էլ չասեմ:

Նելի Փիլոյան

-Նելի, մեզ մոտ ուսուցչին երբեմն ասում են դասատու: Սա մեր մտածողության մասին ինչ-որ բան ասո՞ւմ է:

-Դա նույնն է, երբ արտիստին ասում են դերասան: Ուսուցիչը միայն դաս տվողը չէ, ինչպես արտիստը դեր ասող չէ: Ուսուցիչն ավելին է, քան դաս տվողը: Եվ հետո, այդ դաս տալու մեջ մի տեսակ պարտադրական բան կա, բայց ուսուցիչը պարտադրող չէ, այլ` ուղղություն ցույց տվող:

-Դպրոցի տնօրենը կրթության կազմակերպման հարցում ի՞նչ դեր ունի:

-Շատ մեծ. նրա բնավորությունից ու ճաշակից է կախված դպրոցի կերպը, ինչպես, օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարագայում է, որտեղ ես 8 տարի աշխատել եմ և որտեղ աճել եմ որպես մանկավարժ: Իսկ մեր դպրոցների տնօրենները մեծ մասամբ պճնված տիկիններ են, որոնք մնացել են «տնօրեն» բառի տակ: Նայում ես` կտկտիկ կոշիկներով, բարձր չոլկայով, սուր եղունգներով, մեջքը շատ ձիգ, կզակը` վերև, հասկանում ես, որ սա դժվար թե եվրոպական որևէ դպրոցի փորձ ուսումնասիրած լինի ու մտածի. «Ի´նչ լավ բանա, կարելիա իմ դպրոցում էլ կիրառել»:

-Ի՞նչ խորհուրդ կտաս ուսուցչի մասնագիտությունն ընտրել պատրաստվողին:

-Սա բարդ աշխարհ է, եթե բավականաչափ պատասխանատվություն չունես, ուղղակի մի´ մտիր այստեղ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ