ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ շնորհակալագրեր՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայտնում են նախարարությունից։

Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման գործընթացը և ներդնում է բոլոր ջանքերը կրթության որակի բարելավման ուղղությամբ:

Հանրակրթության վարչության պետը հավաստիացրել է՝ պետությունը արժևորում է բոլոր այն մարդկանց, որոնք մեծ վաստակ ունեն կրթության ոլորտում՝ ապագա սերնդի համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի փորձարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը. այս տարի ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների համար ևս նախատեսվում է այդ գործընթացը, որի արդյունքում նրանք կարող են օգտվել համակարգի ընձեռած հնարավորություններից:

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանն իր հերթին նշել է՝ 1921 թվականին եզդի ժողովրդի հայազգի մեծ բարեկամ Լազոյի՝ Հակոբ Ղազարյանի հեղինակությամբ Էջմիածնում հրատարակվել է «Շամս» այբբենարանը՝ նաև եզդի դպրոցականների համար, որով դասավանդվել է մինչև 1928 թվականը: Նրա խոսքով՝ եզդիերենի դպրոցական մերօրյա դասագրքերը ՀՀ-ում սկսել են լույս տեսնել ու վերահրատարակվել 2005 թվականից՝ Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի համահեղինակությամբ: Նա փաստել է, որ այսօր եզդիերեն և եզդի գրականություն է դասավանդվում ՀՀ մարզերի 4 և Երևանի շուրջ 40 դպրոցներում:

«Այսօր տեղի է ունենում պատմական իրադարձություն, որովհետև Հայաստանից բացի՝ աշխարհի ոչ մի երկրում եզդիներն իրենց մայրենի լեզվով կրթություն չեն ստանում: Այն, ինչ արվում է ՀՀ-ում եզդի ժողովրդի համար, իր նմանը չունի աշխարհի և ոչ մի երկրում: Իմ համոզմամբ՝ այս ամենն առհավատչյան է մեր դարավոր եղբայրության»,- նշել է Հասան Թամոյանը: Նա նաև նշել է որոշ խնդիրներ, որոնց ուղղությամբ ակնկալել է պետության գործուն քայլերը, որպեսզի էլ ավելի բարելավվի եզդիերենի դասավանդումը: Դրանք վերաբերել են ուսուցիչների բարձրագույն կրթության, նրանց վերապատրաստման և աշխատավարձի բարձրացման, դպրոցների շենքային պայմանների բարելավման և այլ խնդիրների:

Ի պատասխան՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միշտ բաց է ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներ առաջարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ վերջերս փոփոխություններ են կատարվել դասագրքերի հայտագրման կարգում, որը թվայնացվել է, և որտեղ առանձին տող է սահմանված ազգային փոքրամասնությունների դասագրքերի համար: Արսեն Բաղդասարյանը փաստել է նաև, որ համապատասխան փոփոխություններ են կատարվել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, ինչպես նաև աշակերտների՝ դպրոց ընդունելության կարգում: