ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տեղի է ունեցել պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։

Տեղեկությունը հայտնում են ԵՊՀ-ից։

Օլիմպիադայի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և աշակերտներին ներկայացրեց Պատմության ֆակուլտետի ստեղծումն ու գործառույթները՝ հույս հայտնելով, որ ներկաներից շատերը կդառնան համալսարանի դիմորդ, ապա՝ ուսանող:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Միքայել Մալխասյանը տեղեկացրեց, որ հանրապետության տարբեր մարզերից և Արցախից օլիմպիադային մասնակցել է 117 աշակերտ:

«Պատմության օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները կամփոփվեն արդեն վաղը, և հաղթողների անունները պարզ կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Մալխասյանը՝ նշելով, որ հանձնաժողովում ընդգրկված է 8 մասնագետ, որից 4-ը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետից:

Օլիմպիադայի մասնակիցները ստացել են մասնակցության վկայագիր և հայագիտական գրքեր ԵՊՀ հրատարակչության կողմից, իսկ հաղթողներին ու լավագույն արդյունքներ գրանցածներին տրվելու են դիպլոմներ և գովասանագրեր: