Երևանի պետական համալսարանում մարտի 3-ին տեղի ունեցավ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Գիտական այս մրցույթի հանրապետական փուլին մասնակցել են դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 83 աշակերտներ։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի գործակցության շրջանակում կազմակերպված օլիմպիադան անցկացվել է երկու ենթափուլով` տեսական և փորձնական: Տեսական փուլում աշակերտներին տրվել են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլում մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կատարել են քիմիական փորձեր:
Ամփոփիչ միջոցառման շրջանակում անցկացվեցին քննարկումներ քիմիայի ուսուցիչների հետ: Քննարկվեցին թե՛ օլիմպիադայի առաջադրանքները, թե՛ կազմակերպական և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի քիմիայի օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը, կարևորելով այս տարվա օլիմպիադայի արդյունքները, ընդգծեց. «Ուրախությամբ նշեմ, որ այս տարի 9-10-րդ դասարանցիներն իրենց գրանցած արդյունքներով գերազանցել են 11-12-րդ դասարանցիներին, և հաղթողների մեծ մասը մարզերից է: Սա վկայում է այն մասին, որ քիմիայի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի տարբեր շրջաններում»:
Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին գովասանագրերով, շնորհակալագրերով, նվեր գրքերով, իսկ 1-3-րդ կարգեր զբաղեցրած 25 աշակերտները ստացան անհատական խրախուսական նվերներ:
Հավելենք, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է ԵՊՀ-ում։