«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ որպես հարակից զեկուցող ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը:
«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել դրա կատարման ընթացակարգերում»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով` նախատեսվում է օրհներգի կատարման ձայնագրությունների համապատասխան տարբերակներ ունենալ` դրանք օրենքով սահմանված դեպքերում օգտագործելու նպատակով:
Ի դեպ, առաջարկվող փոփոխությամբ ՀՀ օրհներգն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես ԿԳՄՍ նախարարության հրապարակած պաշտոնական տարբերակներին համապատասխան:
Հավելենք, որ նախագծով առաջարկվում է նաև ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել, ըստ որի՝ այն կավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:
Հ.Գ. Ազգային ժողովը մարտի 5-ին 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։