ԳլխավորԼուրԿրթություն

«Ունենք երեւույթ, երբ նույն ուսուցիչը պարապում է օտար լեզու, քիմիա, հայ գրականություն. սա պրոբլեմ է». վարչապետ

Հեռավար կրթության կարիքը մենք ունեինք դեռ 2018 թվականից, որովհետեւ ունենք հեռավոր գյուղերի դպրոցներ, որտեղ աշակերտների եւ ուսուցիչների փոքր քանակ կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Ունենք երեւույթ, երբ նույն ուսուցիչը պարապում է օտար լեզու, քիմիա, հայ գրականություն… սա պրոբլեմ է։ Եթե մենք կարողանանք հեռավար կրթության համակարգը զարգացնենք այնպես, որ այդ ուսուցիչը մոդերատորի դեր կատարի եւ այն լավ որակով ուսուցիչներին մենք վճարենք, որ հեռավոր գյուղի դպրոցներում, կարողանան երեխաներին այդ գիտելիքը փոխանցել, մենք ոչ միայն նյութական միջոցներ կխնայենք, այլեւ մեր ռազմավարությունն իրականացնելու ավելի կոնկրետ գործիք կստանանք։ Եթե մենք ասում ենք՝ կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ, ուրեմն այնքան շատ կրթական գործիքներ պետք է գոյություն ունենան, որպեսզի մարդկանց հասանելի լինի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կրթական կոնտենտ շատ քիչ կա. «Մի անգամ նախարարի հետ այս թեմայով խոսակցություն ունեցել ենք, հարցրել եմ՝ Հայաստանում քանի՞ ուսուցիչ եւ դասախոս կա, որ «Youtube»-ի սեփական ալիք ունի եւ համարում է, որ արածը եւ տվածն այնքան արժեքավոր է, որ կարող է նաեւ վաստակի դրանով։ Համոզված եմ, որ կան ուսուցիչներ եւ դասախոսներ, որոնք կարող են այսպիսի բովանդակություններ տեղադրել, գուցե մարդկանց մտքով չի անցնում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Comment here