ԳլխավորԼուր

Ուսուցչի տոն` Արցախի հանդեպ կարոտով ու հույսով

Արցախից բռնի տեղահանված ուսուցչուհի Նարինե Ավշարյանը

Նարինե Ավշարյանի համար Ուսուցչի տոնը սկսվել և շարունակվում է իր սաների շնորհավորանքներով և փոխադարձ խոստմամբ. «Մի օր էլի բոլորով միասին դաս ենք անելու…»:

Հայոց լեզվի և գրականության 49-ամյա ուսուցչուհին Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է, 44-օրա պատերազմից հետո ստիպված տեղափոխվել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս, օրերս էլ երկրորդ անգամ է տեղահանվել, արդեն` Երևան:

«Աջափնյակից ընտանիքով եկել էինք Ստեփանակերտում աղջկաս տուն, հենց հասանք, Ադրբեջանը սկսեց ռմբակոծել…Մտանք նկուղ, ու…նկուղից միանգամից եկանք Հայաստան: Չհասցրեցինք վերցնել ո´չ անձնագիր, ո´չ գումար, ո´չ ոսկի, ո´չ շոր… Ասացին` թուրքերը մտել են ձեր թաղամաս, էլ ռիսկի չդիմեցինք…»:

Տիկին Նարինեն պահում է կապը իր սաների հետ, ասում է` նոր են տունը վարձել, մաքրության գործերն ավարտի՝ բոլորին հրավիրելու է իր մոտ.

«Աշակերտներիցս մի տղա Ստեփանակերտի պայթյունի ժամանակ այրվածքներ է ստացել, մյուսը` զոհվել… Չեմ ուզում անգամ վերհիշել այդ ամենը (հուզվում է)»:

Ուսուցչուհին ասում է` Հայաստանում իրենց բավական ջերմ են ընդունել: Ու քանի որ կացարանի հարցը, կարելի է ասել, լուծված է, մտադիր է արդեն աշխատանքի հարցը լուծել. «Լավ կլինի, որ կանչեն վերապատրաստումների, որովհետև մենք կտրված ենք եղել հայաստանյան կրթական համակարգից: Ճիշտ է` գյուղում 3 անգամ վերապատրաստվել եմ, բայց հիմա էլ դեմ չէի լինի թարմացնել գիտելիքներս: Այժմ միակ մտահոգությունս աշխատանք գտնելն է, մնացած խնդիրներն արդեն կհոգանք»:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման հետ կապված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության համակարգում առկա է 1790 թափուր աշխատատեղ, որից 1450-ն ուսուցչական թափուր տեղեր են

ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: Սակայն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար:

Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը, վերջին տվյալներով, կազմում է 100 632:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ