ԳլխավորԼուր

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում քննարկվել են Արցախից բռնի տեղահանված երեխաներին առնչվող հարցեր

Քննարկում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) հանդիպել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին հանրակրթության մեջ ներգրավումն ու նրանց մասնագիտական աջակցության ապահովումն էր։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է այս առնչությամբ ի հայտ եկած խնդիրներին ու դրանց հաղթահարման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Քննարկման ընթացքում ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրել են մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ իրավիճակից բխող առաջարկություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՄԿ-ի կողմից նախատեսվող հանրակրթական դպրոցների մանկավարժների և հոգեբանների համար վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, մնացածը` դպրոցական տարիքի երեխաներ են:

Հոկտեմբերի 5-ի տվյալներով՝ 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց։