ԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված 7904 երեխա արդեն սովորում է ՀՀ դպրոցներում

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Արցախից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը։ Տեղեկությունը ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով ` այդ ցուցանիշը կազմում է ընդհանուր աշակերտների շուրջ 38 %–ը (Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 հազար երեխաներից 22 հազարը դպրոցահասակ են-խմբ.)։

Ըստ մարզերի` դպրոց հաճախող երեխաները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.

Սյունիքում՝320 դպրոցական, Վայոց Ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում` 1221, Կոտայքում` 1348, Արագածոտնում` 371, Արմավիրում` 671, Շիրակում` 282, Լոռիում` 404, Տավուշում` 222 և Երևանում` 2543 աշակերտ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ: