ԳլխավորԼուր

Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժները կվերապատրաստվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները:

Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.

• Ուսուցում մանկապարտեզում,

• Ուսուցում մեկօրյա դպրոցում,

• Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,

• Հայոց լեզվի և գրականության դասավանդում,

• Հայ մշակույթի պատմություն և արվեստ,

• Հայոց պատմություն,

• Տնօրենների վերապատրաստում:

Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները):

Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:

Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի:

Լրացուցիչ հարցերի դեպքում հարկ է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռախոս՝ +374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), էլ. փոստ՝ karen.mnatsakanyan@escs.am):