ԳլխավորԼուր

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը, որն անցկացվում է առցանց։ Այս տարի վերապատրաստման ծրագրին դիմել է 420 ուսուցիչ՝ 35 երկրից։ Մեկամսյա վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուղղություններով՝

• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
• Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում
• Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ դպրոցների երեխաների համար
• Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
• Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի վերապատրաստման ծրագիրն էականորեն տարբերվում է նախորդ բոլոր ծրագրերից: «Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը նոր մարտահրավեր նետեց նաև սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստման գործընթացին: Այսօր՝ անգամ այս դժվար պայմաններում, տրվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկնարկը, և մեծ ուրախությամբ պետք է նշել, որ առցանց վերապատրաստմանը մասնակցում է սփյուռքի կրթօջախների 120 ուսուցիչ՝ 32 երկրից։ Կարող ենք փաստել, որ ծրագիրն ունի առանձնահատուկ կարևորություն, և սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացումը Հայաստան-սփյուռք համագործակցության գերակա ուղղություններից է»,մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Նախարարի ողջույնից հետո ներկայացվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մանրամասները։ Մասնավորապես, ծրագրի նպատակը ներկայացրել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Թամարա Զալինյանը, ծրագրի նախագիծը՝ «Դասավանդիր Հայաստան»-ի ներկայացուցիչ Աստղիկ Մնացականյանը, իսկ ծրագրի կազմակերպչական հարցերին անդրադարձել է «Ֆիչըր» ընկերության և «ՊրոԴեՖորմ» խմբի ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը։ Այնուհետև, տեղի է ունեցել ծանոթություն մասնակիցների հետ, փոքր խմբերում քննարկվել նրանց ակնկալիքները և դրանց արդյունքները ներկայացվել մեծ խմբում։

Չնայած վերապատրաստման հեռավար բնույթին, ուսուցիչների համար կազմակերպվելու են թանգարանների վիրտուալ այցելություններ, գործնական աշխատանքներ: Վերապատրաստման 6 ուսումնական ծրագրերը ՀՀ ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհի շրջանակում մշակել է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը: Հեռավար դասընթացների կազմակերպումը մրցութային հիմքով ստանձնել է «Ֆիչըր» (Feature) ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» (ProDeForm) կազմակերպության հետ համագործակցաբար:

Comment here