ԳլխավորԼուր

Կրկնություն է հիշեցնում, ֆինանսները չեն հերիքում. ուսուցիչների վերապատրաստման խութերը

Ուսուցիչների վերապատրաստում

Հայաստանում պետական ֆինանսավորումը բավարար չէ ատեստավորման շրջանակում անցկացվող վերապատրաստումների որակյալ իրականացման համար։ Ֆինանսավորման ոչ բավարար լինելը հատկապես խոչընդոտում է որակյալ վերապատրաստողների ներգրավման գործընթացին։ Նման արձանագրում է արվում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում արված հետազոտության արդյունքում:

«Վերապատրաստումների մոնիտորինգի և գնահատման համակարգը դեռևս լիարժեք ներդրված չէ։ Վերապատրաստումներին հաջորդում են հետադարձ կապի և դասալսումների հատվածական և կարճատև քայլեր՝ սահմանափակ թվով դասալսումներ, որոնք հնարավորություն չեն տալիս վերապատրաստումների արդյունքների վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալ»,-ասված է «Ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման մոնիտորինգի» 2023 թ. զեկույցում:

Նշենք, որ վերապատրաստման կարգի համաձայն՝ ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցին համապատասխան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ․ մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» 780-Ա/2 հրամանի համաձայն` հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման իրավունք է ստացել 48 կազմակերպություն՝ 3 տարի ժամկետով, որոնցից վերապատրաստման դասընթացներ է իրականացրել 37 կազմակերպություն:

Այդ 37 կազմակերպություններից առկա ձևաչափով վերապատրաստել են 15-ը, հեռավար՝ 5-ը, համակցված՝ 17-ը: Վերապատրաստման համար դիմում ներկայացրած միայն 5 կազմակերպության հայտ է մերժվել նախարարության կողմից՝ չափանիշներին չբավարարելու պատճառով, իսկ 6 կազմակերպություն տարբեր պատճառներով հրաժարվել են վերապատրաստում իրականացնելուց։

Զեկույցում ներկայացվում է, որ հետազոտության մասնակից ուսուցիչները վերապատրաստման բովանդակային մասը հիմնականում դրական են գնահատում, սակայն նրանց մի մասն ընդգծում է, որ հաճախ վերապատրաստումները նոր գիտելիք և հմտություն չեն ձևավորում, այլ ավելի շատ կրկնություն են, վերհիշում։ Վերապատրաստող կառույցների ընտրության հարցում ուսուցիչներն ուղղորդվում են ինչպես աշխարհագրական հարմարավետությամբ, այնպես էլ վերապատրաստման հեշտ ընթացքի ակնկալիքով, տնօրենի խորհրդով և կառույցի հեղինակությամբ։

«Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ վերապատրաստող մասնագետը առանձին մասնագիտություն է, որը ենթադրում է մեծահասակների կրթության սկզբունքների և մոտեցումների իմացություն, ընդ որում, պարտադիր չէ, որ վերապատրաստողն ինքը լինի ուսուցիչ։ Հայաստանյան պրակտիկան, սակայն, վկայում է, որ այժմ վերապատրաստող մասնագետների գերակշիռ մասը գործող կամ նախկին ուսուցիչներ են։ Հետաքրքրական է, որ հետազոտության մասնակիցների մի մասը պնդում է, որ ուսուցիչների վերապատրաստողը պետք է պարտադիր ունենա մանկավարժական փորձ»,-ասված է զեկույցում:

Վերապատրաստող մասնագետների հետ կապված մյուս մարտահրավերը կապված է այն հանգամանքի հետ, որ հայաստանյան կրթական համակարգն անցում է կատարում նոր չափորոշիչներով սահմանված՝ կարողունակությունների ձևավորմանն ուղղված ուսուցման, իսկ Հայաստանում գրեթե բացակայում են մասնագետներ, որ կարողունակությունների ձևավորմանն ուղղված ուսուցման ոլորտում կկարողանան վերապատրաստումներ իրականացնել, դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր մշակել։ Այս իրողությունն առաջիկա տարիների ամենամեծ մարտահրավերն է։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ