Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ԲՈՒՀ-ի շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ուսման և աշխատանքային գործունեության մեջ: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.
«Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ, գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, մեր ունեցած գիտելիքը պետք է հարստացնենք, նույնիսկ փոքր քանակությամբ: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ զարգացումը շատ արագ է տեղի ունենում, երբ առօրյա կյանքում կամ ընդհանրապես փոփոխությունները լինում են ամեն վայրկյան, մենք պետք է անընդհատ գիտելիք ձեռք բերենք և այն կարողանանք «մարսել», որպեսզի կարողանանք այս արագ զարգացող միջավայրում մեր տեղն ունենանք, գնահատենք ինքներս մեզ և մեր ժամանակը: Հիմա ավելի մեծ խնդիր է նաև՝ կարողանալ «մարսել» այն գիտելիքները, որոնք ստանում ենք: Այս ինֆորմացիոն դարաշրջանում՝ շատ դժվար է առաջնային, երկրորդային տեղեկությունները տարանջատել, սակայն սա նույնպես պետք է կարողանաք անել: Հույս ունեմ, որ ձեր դասախոսներն այս հարցում ևս կարողացել են ձեզ օգնել և առաջնորդել:
Երբևիցե չհուսահատվեք: Միշտ հիշեք, որ ցանկացած ծանր վիճակից դուրս գալու լուծում կա»,-ասել է նախագահ Խաչատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։