ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ն այս տարի նոր կյանք ճանապարհեց 1413 շրջանավարտի. ռեկտորի ուղերձը

Սրբուհի Գևորգյան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտեց 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման կարևոր և պատասխանատու գործընթացը: Այս առիթով ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել բուհի շրջանավարտներին․

«Սիրելի շրջանավարտներ,

շնորհավորում եմ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող բուհն ավարտելու առթիվ։ Համալսարանն այս տարի նոր կյանք ճանապարհեց 1413 շրջանավարտի. ձեզնից յուրաքանչյուրի համար սա շատ կարևոր շրջափուլ է։ Այստեղ են մեկտեղվում մասնագիտական երազանքները և ինքնուրույն ճանապարհ մուտք գործելու բաղձալի երազանքի հնարավորությունները։ Դուք Ձեր մասնագիտական ուղին կապել եք Մանկավարժական համալսարանի հետ․ այս ընթացքում փորձել իրագործել այն պատկերացումները, երազանքները, ձգտումներն ու ձեռքբերումները, որոնք ունեցել եք մասնագիտական տիրույթում:

Ավարտական դիպլոմներ՝ ՀՊՄՀ-ի շրջանավարտներին

Մաղթում եմ առողջ և երջանիկ կյանք, որ կարողանաք պայմանավորել մեր երկրի համար լավագույն ձեռքբերումները, փորձը, իսկ կրթության բարեփոխումների ճանապարհին՝ ներկայանաք մասնագիտական լավագույն լուծումներով և փորձառություններով:

Մանկավարժի մասնագիտությունը մշտապես պահանջված է եղել, իսկ Մանկավարժական համալսարանում սովորելը առավելություն՝ բոլոր ժամանակներում. ապագա մանկավարժը նախ դրսևորվում է ակադեմիական տիրույթում, ապա գիտելիքների, կարողությունների և հմտությունների մեծ փորձ կուտակում կրթական հաստատություններում:

Համալսարանը մասնագիտությունների լայն շրջանակ ունի: Վերանայված մասնագիտական կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս ընդլայնել կարողությունների շրջանակը և մեր ապագայի զարգացումն ուղղակիորեն ապահովող կրթական հաստատությունների համար կերտել օրվա հրամայականին համահունչ մասնագետ: Լիահույս ենք, որ կկարողանաք պատվով իրագործել մանկավարժական մայր բուհի առաքելությունը և բարձր պահել հարազատ կրթօջախի մեկդարյա բարի համբավն ու հեղինակությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Մանկավարժական համալսարանն ավարտելու առթիվ և մաղթում բարի երթ, մասնագիտական վերելքներ և ձեռքբերումներ»:

Ավարտական դիպլոմներ՝ ՀՊՄՀ-ի շրջանավարտներին