Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն ստացած այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժի որակավորում, սակայն ձեռք բերած 30 կրեդիտների շնորհիվ հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Այսպիսով, եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի մշակած ծրագրերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հունիսի 29-ի թիվ 971-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացի մոդուլները:
Իրականացվող դասընթացները և հատկացվող կրեդիտները
- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը մասնագիտական ոլորտում (3 կրեդիտ — 20 ժամ՝ լսարանային, 70 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
- Մանկավարժություն և տարիքային զարգացման հոգեբանություն (10 կրեդիտ — 50 ժամ՝ լսարանային, 250 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային). Մանկավարժություն (20 ժամ -6 կրեդիտ), Տարիքային զարգացման հոգեբանություն (6 ժամ — 1 կրեդիտ), Գնահատում (8 ժամ — 1 կրեդիտ), Ներառական կրթություն (6 ժամ — 1 կրեդիտ), 21-րդ դարի հմտություններ (10 ժամ-1 կրեդիտ),
- Մասնագիտական զարգացում՝ դասավանդման մեթոդիկա (10 կրեդիտ — 40 ժամ՝ լսարանային, 260 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
- Հանրակրթության բնագավառի օրենսդրություն (1 կրեդիտ — 5 ժամ՝ լսարանային, 25 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
- Հետազոտական աշխատանք (3 կրեդիտ — 5 ժամ՝ լսարանային, 85 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
- Մանկավարժական պրակտիկա (3 կրեդիտ՝ 20 ժամ՝ լսարանային, 70 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային):