ԳլխավորԼուր

Քոլեջի և ուսումնարանի տնօրենի հավաստագիր է ստացել 28 հավակնորդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանձնել է 2021 թվականին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ձեռք բերած անձանց հավաստագրերը:

Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ հավաստագրման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացրած 41 հավակնորդներից 28-ը ստացել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հավաստագիր ստացած հավակնորդներին` նշելով, որ համաձայն գործող կարգի՝ տարվա մեջ առնվազն մեկ անգամ անցկացվում են վերապատրաստումներ և հավաստագրման քննություններ:

«Հույս ունեմ, որ ստացած հավաստագրերն առաջիկա տարիներին կօգտագործեք նպատակային նշանակությամբ,- դիմելով ներկաներին` նշել է Ժ. Անդրեասյանը և հավելել,- նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ նախարարությունը մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել: Դրանց հաջողվածությունը մեծապես կախված է ուսումնական հաստատությունների որակյալ կառավարումից: Այդ նպատակով մենք փոփոխություն ենք կատարել քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգում: Մենք նաև ավելացրել ենք ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի ձեռքբերման նպատակով վերապատրաստումներ կատարող կազմակերպությունների թիվը` կարևորելով և խթանելով մրցակցությունը»:

Նշենք, որ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի ձեռքբերման նպատակով հավակնորդները մասնակցում են վերապատրաստման դասընթացների, որոնք իրականացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Այնուհետև նախարարությունը կազմակերպում է վերապատրաստված անձանց հավաստագրման քննությունները, որոնք հաջողությամբ հաղթահարելու դեպքում հավակնորդը 5 տարի ժամկետով ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Comment here