ԳլխավորԼուր

Տնօրենների հավակնորդները պետք է խուսափեն արտագրությունից. փոխնախարարը հանդիպել է դպրոցների ղեկավարների հետ

Դպրոցների տնօրենները ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Երևանի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր, հայտնում են նախարարությունից։

Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը մանրամասնել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Արաքսիա Սվաջյան
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը

«Օրենքով ամրագրված է, որ վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է դպրոցների բովանդակային կառավարումից: Դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին՝ նրան տրամադրելով ժամանակ` բովանդակային գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման իրենց ծրագիրը, որը պետք է հաստատվի` մասնագիտական փորձաքննությամբ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է ներկայացվող զարգացման ծրագրերի բովանդակությունը` շեշտելով, որ դրանք պետք է իրագործելի լինեն: Նա նաև հորդորել է` տնօրենների հավակնորդները պետք է խուսափեն զարգացման ծրագրի արտագրություններից.

«Դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգավորմամբ՝ տնօրենի պաշտոնի հավակնորդի զարգացման ծրագիրը նախ անցնում է անկախ փորձաքննություն: Փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Այնուհետև անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով»:

Դպրոցների տնօրենները ԿԳՄՍՆ-ում
Դպրոցների տնօրենները ԿԳՄՍՆ-ում

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև, որ կառավարման նոր համակարգը ներդրվում է այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է օրենքի ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո:

Արաքսիա Սվաջյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների ատեստավորմանը. «Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին վերաբերող հարցեր: Նոր կարգը կիրառվելու է 2023 թվականի սեպտեմբերից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը տնօրեններին հորդորել է հետևել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին՝ e-draft.am հարթակին, որտեղ ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման է ներկայացվում բազմաթիվ նախագծեր և տալ դրանց վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ