ԳլխավորԼուր

«Դպրոցից դեպի տիեզերք». այցելություններ Արցախ ու ՀՀ մարզեր

Շարունակվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի ծրագիրը, հայտնում են աստղադիտարանից։

Օրերս ծրագրի շրջանակներում ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը և Հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը քառօրյա աշխատանքային այցով եղան Արցախում (ԱՀ)։ Սա շարունակությունն է արդեն երկար տարիներ տևող նման համագործակցության։ Այդ ընթացքում նրանք հանդիպում ունեցան նաև ԱՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Անահիտ Հակոբյանի հետ։

Արցախ այցի շրջանակներում Ա․ Միքայելյանը դասախոսություններով հանդես եկավ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Ազատամարտիկների անվ․ թիվ 1, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի և Մարտակերտ քաղաքի Վլ. Բալայանի անվ․ թիվ 1 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցում՝ Ստեփանակերտ տարհանված Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի միջնակարգ (հոսքային) և Շուշիի Դանիել Ղազարյանի անվ․ միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցների աշակերտների համար։

Հիշեցնենք, որ ԲԱ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև նախորդ տարի ստորագրվել էր համագործակցության հուշագիր, և հիմնադրվել էր աստղագիտական լաբորատորիա։

Այդ նույն ժամանակահատվածում ԲԱ այլ գիտաշխատողներ Հովհաննես Պիկիչյանը, Հայկ Մալխասյանը, Ռուբեն Անդրեասյանը և Նաիրա Ազատյանը այցելեցին Կոտայքի գ․ Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվ․ միջնակարգ, Նոր Հաճնի թիվ 1 հիմնական, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցներ, Լոռու Սպիտակի թիվ 5 հիմնական, Վանաձորի Ա. Խլղաթյանի անվ․ թիվ 18 միջնակարգ դպրոցներ և Գեղարքունիք գ․ Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվ․ թիվ 2 միջնակարգ, գ․ Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվ․ թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցելությունների ընթացքում երեխաներին հանրամատչելի ձևով ներկայացվեցին աստղագիտական տարբեր թեմաներ։ Իսկ այցի ավարտին ավանդույթի համաձայն՝ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն:

Դասախոսությունների ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ։