ԳլխավորԼուր

Թիվ 114 դպրոցի աշակերտները ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն տնօրենի

Երեւանի թիվ 114 ավագ դպրոցի աշակերտները change.org-ում ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:

«Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»։ Գրառման վերաբերյալ ներկայացնում ենք մեր պարզաբանումն ու կոչ ենք անում միանալ ստորագրահավաքին հանուն մեր սիրելի տնօրենի։

Մայիսի 25-ին Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում նախատեսված էր ատեստատների հանձնում, որն էլ իրականացվել է՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։

Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված է եղել առանձին ժամ և ամեն ինչ արվել է իրավիճակին համապատասխան։ Հասկանալով, որ Վերջին զանգը չի կայանալու՝ մենք՝ ավարտական դասարանի աշակերտներս,  մտել ենք տնօրենի սենյակ և փորձել փոքրիկ անակնկալ անել։ Տեսանյութում միայն հատուկ /գուցե դիտավորությամբ/ մոնտաժված հատվածն է․ կա սկիզբ և կա շարունակություն։

Յուրաքանչյուր աշակերտ ատեստատը ստանալուն պես դուրս է եկել սենյակից։ Բոլորը  դպրոց մտնելիս ջերմաչափվել են. ամեն ինչ եղել է ըստ արտակարգ դրության կանոնների։ Դպրոցը եղել է նախապես ախտահանված, աշակերտները չեն գտնվել սենյակում 7 րոպեից ավելի:

Հասկանում ենք վարչապետի զայրույթն ու ընդունում, որ նման իրավիճակում մեր այդ քայլը ճիշտ չէր։ Իրավիճակի մեղավորը մենք ենք, չստացված անակնկալը մերն էր, մեր տնօրենը ընդամենը փորձեց մեզ չտխրեցնել։

Խնդրում ենք պարոն վարչապետին ներողամիտ լինել ու հասկանալ մեզ։ Հեշտ չէ դպրոցն ավարտել ու  անցկացնել նման պայմաններում։ Նոր կյանքի փուլ ենք մտնում՝ նեղացնելով մեր սիրելի ուսուցչին՝ տիկին Կոստանյանին։ Նրան կարելի է երկար ներկայացնել․ անցած ճանապարհով, շնորհակալագրերով, մեդալներով, բայց ամենակարևորը նրա լավ մարդ լինելն է։

Մարդ, որ կարող է օգնել, ներել, լինել խիստ ու լավ ուսուցիչ։ Մեզ մնում է գնահատել, չտխրեցնել ու խնդրել մի փոքր ներողամտություն։

Միացեք մեր ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն մեր սրտի տնօրենի»,-նշված է ստորագրահավաքի էջում։

Այս պահին ստորագրահավաքին միացել է 1183 մարդ։

Հիշեցնեք, որ վարչապետի էջում տեսանյութի հայտնվելուց հետո ԿԳՄՍ նախարարությունից աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ են ներկայացրել 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանին։

Նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Սուրենավանում։

Comment here