ԳլխավորԼուր

Ինչո՞ւ են Պուշկինի անվան դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍՆ–ից։

«Նրա պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին։ Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինս, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողոքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչներն այսօր իմացել են, որ իրենց տնօրենին հեռացրել են աշխատանքից ու ի պաշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել դպրոցում։ Առավոտից նաև դասադուլ է իրականացվել։

ԿԳՄՍՆ–ից հայտնել են, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել, իսկ տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։

Նախարարությունը դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews