ԳլխավորԼուր

Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. հայտագրվել է 34 780 առաջին դասարանցի

Առաջին դասարան

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:

2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252 760 աշակերտ։

2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով սովորելու է 409 996 աշակերտ։ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34 780 առաջին դասարանցի, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։ Գործընթացը շարունակվում է և կավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը: Ըստ համապատասխան տարիքի ծնելիության թվի՝ ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ: Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի 1–ին դասարան գնալու համար հայտագրվել է 23589 աշակերտ (2022-ին՝ 39117)։

Սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։

2024 թվականի սեպտեմբերից շուրջ 1535 երեխաներ կհաճախեն շինարարությունն ավարտված 12 նոր մանկապարտեզներ:

2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել են 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ: