ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ընդունելության քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման հիմնահարցերը և զարգացման ուղիները» թեմայով ամենամյա խորհրդաժողովին, որն անցկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
Խորհրդաժողովին մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:
Արաքսիա Սվաջյանը կարևորել է 12-րդ դասարանցիներին 2 անգամ ավարտական քննություն տալու հնարավորությունը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ավելի մեծ թվով սովորողներ կմասնակցեն առաջին քննությանը՝ ապահովելով համաչափ բաշխումը:
Փոխնախարարն անդրադարձել է Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ դասարաններին, որտեղ արդեն իսկ կրթական բոլոր մակարդակներում ավարտողներ կան.
«Նոր մոտեցումներ ենք մշակել այդ դասարանների քննությունների կազմակերպման հարցում, որոնք փորձարկվում են: Հիմնականում բնագիտական առարկաների հատվածում ունենք մեծ փոփոխություն, որտեղ շատ ենք կարևորում գործնական կարողությունների, լաբորատոր փորձերի անցկացումը, ինչին ուղղված աշխատանքներ են իրականացվում, որպեզի դպրոցները հագեցվեն լաբորատորիաներով»: Այս համատեքստում Ա. Սվաջյանն ընդգծել է լաբորատոր սարքերը դասի ընթացքում կիրառելու կարևորությունը: Նոր մոտեցմամբ քննությունը նաև լինելու է այն գործիքը, որով ստուգվելու է, թե որքանով են այդ սարքավորումները կիրառվել գործնական դասերին:
Երկու ձևաչափ է փորձարկվում՝ թեստային աշխատանք, որի որոշակի մասը կլինի երեխաների գործնական կարողությունների և լաբորատոր փորձերի հմտությունների ստուգումը և նախագծային աշխատանք՝ ուղղված թե՛ հետազոտական, թե՛ միջառարկայական կապերի հաստատման կարողությունների զարգացմանը: Երեխաներն իրենք են ընտրելու թե ինչ ձևաչափով են մասնակցելու քննությանը:
«Ինչ վերաբերում է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» և «Օտար լեզու» առարկաների քննությունների բնույթին, դրանք մնալու են թեստային ձևով, բայց կարծում ենք՝ դրանք պետք է լինեն ոչ միայն գիտելիք ստուգող, այլև տրամաբանություն, վերլուծական մտածողություն զարգացնող»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
«Պատմություն» առարկայի վերաբերյալ կարևորվել է փաստական գիտելիքից զատ նաև իրադարձությունների վերլուծության, արդիականության վերհանման և այլ կարողությունների զարգացումը: ««Պատմության» քննությունն այլ ձևաչափով է անցկացվելու. պատմական որևէ իրադարձութան և տվյալ ժամանակաշրջանի որևէ գրականության վերաբերյալ պետք է գրել էսսե՝ համատեղելով իրադարձությունները: Դա կզարգացնի նաև աշակերտի գրավոր խոսքը, ստեղծագործականությունը»,- վստահություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալը: