ԳլխավորԼուր

264 միլիոն դրամ կուղղվի Շիրակի 128 դպրոցներին. 31 դպրոց ճաշարան չունի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 128 դպրոցներին նախատեսվում է ներկայացնել կապիտալ դրամաշնորհներ 264 միլիոն 361 հազար դրամի չափով, որից 233 միլիոն 997 հազար դրամը` դպրոցների խնայողությունների հաշվին, իսկ 30 միլիոն 363 հազար դրամը`  ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը:

«Շիրակի մարզը 2018-ի սեպտեմբերից մասնակցում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի շրջանակներում, և ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է դպրոցների ճաշարաններն ապահովել  համապատասխան շենքային պայմաններով, ինչպես նաև հարկավոր է ապահովել գույքի, սարքավորումների և այլ պարագաների  առկայությունը»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց` ուսումնասիրվել են Շիրակի մարզի դպրոցների բոլոր ճաշարանները, գնահատումն իրականացվել է 146 դպրոցներում,  արդյունքում պարզ է դարձել, որ 31 դպրոց ունի թե´ ճաշարանի կամ խոհանոցի ընթացիկ նորոգման, թե´ խոհանոցային սպասքի, գույքի և  սարքավորումների ձեռքբերման կարիք։

Կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում։