ԳլխավորԼուր

Ֆրանսիս Քուրքջյանը՝ Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրեն

Ֆրանսիական հանրահայտ Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է դարձել ֆրանսահայ անվանի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը, տեղեկացնում է Figaro-ն։

Պարբերականը նշում է, որ սա «գեղեցկության արդյունաբերության» ամենացանկալի պաշտոններից մեկն է:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ոգեշնչող պատմությամբ եւ ստեղծագործական ոգով վճռականորեն դեպի ապագա ձգտող օծանելիքի տանը: Ուրախ եմ, որ կկարողանամ փոխանցել իմ տեսլականը հոտավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար»,-պաշտոնի ստանձնման մասին հաղորդագրության մեջ նշել է նա:

Ֆրանսահայ օծանելիքագործն արդեն իսկ ստեղծել է երկու օծանելիք Դիորի համար:

Նա օծանելիքի աշխարհում իր անունը ձեռք է բերել 24 տարեկանում՝ ստեղծելով «Le Mâle»-ը Ժան-Պոլ Գոտյեի համար:

Նախկին պարողը համագործակցել է հայտնի բազմաթիվ օծանելիքագործների հետ եւ բուրմունքներ ստեղծել այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշերի համար, ինչպիսիք են «Elie Saab»-ը, «Burberry»-ն, «Lancôme»-ը, «Giorgio Armani»-ն եւ «Nina Ricci»-ն: 2009-ին հիմնել է իր անունը կրող ապրանքանիշը:

52-ամյա Քուրքջյանը շեշտել է՝ չի սիրում, երբ օծանելիքի վարպետներին «քիթ» են անվանում: «Պետք է հասկանալ, որ օծանելիքագործը ոչ թե ֆիզիկական գործ անող, այլ՝ գաղափար արտահայտող մեկն է, ինչպես երաժիշտը, որը սկզբում ստեղծագործում է իր գլխում, այնուհետեւ նվագում է իր նոտաները եւ դաշնամուրի վրա դասավորում իր ակորդները: Դա իսկական ստեղծագործական գործողություն է: Ես երբեք չեմ ստեղծագործում՝ ասելով ինքս ինձ՝ կդնեմ վարդ, վանիլ կամ այլ բույր։ Ես միշտ սկզբում գտնում եմ անունը, այնուհետեւ՝ այն զգացումը, որն ուղեկցում է: Հումքի գաղափարներն ավելի ուշ են գալիս»,-պատմել է Քուրքջյանը:

Ֆրանսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, հետագայում հաստատվել Ֆրանսիայում: Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթեղենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։

Comment here