ԳլխավորԼուր

Որոշ ուսուցիչների վարձատրությունը կհասնի 450 հազար դրամի

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է, թե կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում քանի ուսուցիչների վարձատրությունն է աճել։

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Ամփոփում ենք կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում բարձրացված դրույքաչափի ու հավելավճարի արդյունքում 478 ուսուցիչների վարձատրության նոր չափերը, որի մեջ դեռ հաշվի առնված չեն տարակարգի հավելավճարները, եթե ուսուցիչը նաև տարակարգ ունի։

Ըստ այդմ, միայն կամավոր ատեստավորման արդյունքում վերանայված դրույքաչափով և հավելավճարով ունենք երկու տասնյակից ավել ուսուցիչներ, որ մայիսից հաշվված արդեն կստանան շուրջ 400 հազար և ավել վարձատրություն՝ կախված իրենց դասավանդվող ժամերից։

Ունենք ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 հազարի, ամենաբարձր վարձատրությունն այս պահին առանց տարակարգի հաշվի առնման կկազմի շուրջ 533 հազար դրամ։

Տարակարգ ունեցող ուսուցիչների դեպքում այս թվերին կգումարվի նաև տարակարգի հավելավճարի չափը։ Առաջիկայում այս թվերն ամբողջական և ամփոփ կներկայացնենք»,-նշված է գրառման մեջ։