ԳլխավորԼուր

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Կամավոր ատեստավորում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում»:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը փորձնական կարգով մեկնարկել է 2021 թվականին:

«Վերլուծելով նախորդ տարիների փորձը՝ որոշակի փոփոխություններ են կատարվել կարգում՝ բարելավելով թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը, և թե՛ այլ բաղադրիչներ: Ատեստավորումն իրականացվում էր թղթային եղանակով, ինչը բազմաթիվ բարդություններ և ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար: Այս փոփոխություններով կամավոր ատեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով, որի արդյունքում էապես կկրճատվի առաջադրանքների լուծման, պատասխանները ձևաթղթում անցկացնելու վրա ծախսվող ժամանակը՝ միաժամանակ նվազեցնելով հնարավոր տեխնիկական վրիպակներն ու անճշտությունները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սա նաև լրացուցիչ միջոց է խրախուսելու ուսուցիչների` տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կատարված փոփոխություններով նկարագրվել է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման անցկացման ընթացակարգը:

Սեպտեմբերի 30-ին ավարտվել է կամավոր ատեստավորման այս տարվա դիմումների ընդունման գործընթացը. դիմել են շուրջ 6000 ուսուցիչ և մանկավարժի որակավորմանը համապատասխանող, սակայն համակարգում չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցում: Այս տարի ատեստավորման գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։