ԳլխավորԼուր

Ուսուցիչը քաշել է երեխայի ականջից, վերջինս զանգել է ոստիկանություն․ միջադեպ՝ Կոթիի դպրոցում

Ապրիլի 11-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել՝ զանգահարել է Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ և հայտնել, որ իր դասղեկ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչը հարվածել է իրեն և քաշել ականջից: Այս մասին Usanogh.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ մեզ հասած տեղեկությունների` տղայի ծնողները չեն մասնակցել  ծնողական ժողովին, ինչը զայրացրել է դասղեկին: Վերջինս  աշակերտի ականջից բռնած՝ դպրոցի շենքի երկրորդ հարկից իջեցրել է նրան  առաջին հարկ։ Տղան զանգահարել է ոստիկանություն:

Usanogh.am-ը նախ կապ հաստատեց ուսուցչի՝ Լյովա Ամիրխանյանի հետ՝ ճշտելու դեպքի հանգամանքները։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը չժխտեց, որ քաշել է տղայի ականջից:

«Խնդրահարույց երեխա է, ծնողները բաժանված են։ Սեպտեմբերից մինչև օրս ծնողներից ոչ մեկը չի ներկայացել ժողովներին: Վերջին անգամ էլ զգուշացրեցի, որ ծնողին անպայման ասի` գա: Ծնողը, սակայն, չներկայացավ: Հաջորդ օրը տղային  կանչեցի մոտս,  հարցրի` ինչու ծնողը չէր եկել, ասաց` զբաղված էր: Ասացի, որ հարկավոր էր զգուշացնել: Ծնողին չէր էլ ասել, որ ժողով կա: Հետո, երբ էլ ասելու բան չուներ, ինձ ասաց. «Ընկեր Ամիրխանյան, դուք իմ վրա շառ եք անում, երեխեքն ինձ փոխանցել են` դուք իրենց ասել եք, թե ես ծխում եմ»: Երեխաներին հարցնում եմ, ասում են նման բան չեն ասել: Սուտ խոսելու համար երեխայի ականջից ձգել եմ, դասից հանել եմ ու ասել եմ, որ ծնողի հետ ներկայանա: Նա էլ, ասում են,  ոմանց կողմից ուղղորդված՝ զանգել է ոստիկանություն»,- պարզաբանեց ուսուցիչը:

Լյովա Ամիրխանյանի խոսքով` ահազանգից հետո  դպրոց են ժամանել պարեկները և թաղամասային տեսուչը, ինչպես նաև տղայի հայրն ու հորեղբայրը: Լյովա Ամիրխանյանի հավաստմամբ` նրանք  բողոք չեն ներկայացրել, ասել են` մի գյուղի մարդիկ են, սիրուն բան չէ. «Օպերն ասաց, որ զանգն անչափահասից է եղել, չենք կարող գործը տեղում փակել, պետք է արձանագրություն գրել: Այդ ընթացքում, չգիտես ինչպես, տեղեկության արտահոսք է եղել: Ես ասել եմ և ասում եմ` այո´, քաշել եմ երեխայի ականջից, և եթե  նա նորից նույն բանն անի, նորից կքաշեմ: Եթե պետք է ականջ ձգելու համար ինձ նստացնեն, թող նստացնեն, ես իմ աշխատանքի վրա չեմ դողում, պատրաստ եմ ոստիկանության առջև քայլս կրկնել, եթե պետք է ինձ պատժեն, ես պատրաստ եմ իմ պատիժը կրել»:

Usanogh.am-ը զրուցեց նաև տղայի հոր հետ: Նա նախ հաստատեց, որ որևէ բողոք Լյովա Ամիրխանյանի դեմ չունի. «Տղաս երեխայություն է արել` զանգելով ոստիկանություն: Պարտադիր չէր` աշխարհով մեկ անել դա…Դեռ չգիտենք` իր խելքով է զանգել, թե ինչ-որ մեկի ուղղորդմամբ»:

Մեր դիտարկմանը, որ տղայի արարքն օրինաչափ է, իսկ ուսուցչի գործողությունը` բռնության դեպք, տղայի հայրը պատասխանեց. «Ի՞նչ բռնության մասին է խոսքը, դա բռնություն չէ…Դասատուն ականջից քաշել է. ես եմ նրան ասել` չի ենթարկվում` ականջից էլ քաշիր…Ի՞նչ կա դրա մեջ: Երեխան էլ է ասում, որ սխալվել է…»:

Լյովա Ամիրխանյանի խոսքով` ինքը հիմա նորմալ հարաբերությունների մեջ է երեխայի հետ, տղան էլ մոտեցել է իրեն և ներողություն է խնդրել իր արարքի համար, ասել է, որ սխալ է գործել, ինքն էլ ներել է նրան: Ոստիկանություն զանգելու համար ներողություն է խնդրել նաև տղայի ծնողը:

Ի դեպ, մենք փորձեցինք զրուցել նաև երեխայի հետ, սակայն հայրը կտրուկ դեմ արտահայտվեց։
Ոստիկանությունից տեղեկացրին, որ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին։