ԳլխավորԼուր

«Սահյանական ընթերցումներ»՝ Արցախում

«Սահյանական ընթերցումներ»՝ Արցախում

Ապրիլի 14-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի և «Մեր սարերը» ակումբի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ «Սահյանական ընթերցումներ» խորագրով, որին մասնակցել են Արցախում գործող բուհերից ուսանողներ, երիտասարդ սահյանասերներ, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառումը մեկնարկել է օրվա խորհրդին համահունչ արարողությամբ. ամիսներ առաջ ԱրՊՀ լրատվության և ՀԿ բաժնի ու ՈւԳԸ համատեղ նախաձեռնությամբ հայտարարվել էր «Արցախ. ապրելու բանաձև» խորագրով էսսեների միջբուհական մրցույթ, որին մասնակցել են ԱրՊՀ և ՀՀ բուհերի ուսանողներ։ Ամփոփելով արդյունքները՝ մրցույթի հաղթողները ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի կողմից արժանացել են պատվոգրերի, իսկ «Մենք ենք, մեր սարերը» գործակալության կողմից՝ արժեքավոր գրքերի։

Մրցանակային 1-ին տեղը գրավել է ԱրՊՀ ուսանող Կարեն Մարտիրոսյանը, 2-րդ տեղը՝ ԵԹԿՊԻ ուսանողներ Վովա Արզումանյանը և Ռազ Հովհաննիսյանը, 3-րդ տեղը՝ Երևանի Գլաձորի համալսարանի ուսանողուհի Տաթևիկ Դավթյանը։ Արցախի շրջափակման պատճառով ՀՀ բուհերի մրցանակակիր ուսանողները չեն կարողացել ներկայանալ միջոցառմանը։

Երեկոն շարունակվել է սահյանական ընթերցումներով։ Ներկաները խարույկի շուրջ ասմունքել են Համո Սահյանի ստեղծագործություններից, լսել Սահյանի բանաստեղծություններով երաժշտական կատարումներ, դիտել տեսանյութեր, պարել ազգագրական պարեր։

Համո Սահյանի պոեզիային են անդրադարձել «Մեր սարերը» ակումբի կազմակերպչական գծով պատասխանատու Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ դասախոս, բ.գ.թ. , դոցենտ Զարինե Սառաջյանը, միջոցառման մասնակիցներ։

Երիտասարդության նախաձեռնողականությունն ու ակտիվությունը ողջունել է Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով նման միջոցառումների դերը, հայրենիքի, հայոց լեզվի, գրականության, մշակույթի և ազգային արժեքների հանդեպ երիտասարդության սիրո ու նվիրումի կարևորությունը։

Ռուբեն Վարդանյան