ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները չեն մասնակցի ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի այրվող դրոշը Երևանի մարզահամերգային համալիրում

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն մասնավորապես նշելով, որ «ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել»:

Հավելենք՝ ապրիլի 14-ի երեկոյան Երևանի ՄՀՀ-ում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ է վազել, դրոշակակիր աղջկա ձեռքից խլել Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրել է այն։

Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։

Ավելի ուշ Նիկոլյանը տեսաուղերձում հայտարարել է, որ իր արածը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է։

«Իմ ցանկությունը բացառապես եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և, ամենակարևոր բանը` որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում հարմարվել ինչ–որ իրավիճակների»,–ասել է Նիկոլյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտարարություն է տարածել՝ մասնավորապես նշելով, որ բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։

Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են:

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 39 (40-1) երկրների ավելի քան 380 մարզիկներ:

Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։