ԳլխավորԼուր

Կազմակերպվել է «Կյանքդ Արցախին» խորագրով միջոցառում

«Ներկա պայմաններում ցանկացած ձևաչափով կազմակերպված ուսանողական միջոցառում ողջունելի է և միտված է համալսարանական առօրյայի ակտիվացմանը: 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ կապված ընկճվածություն կա հանրության շրջանում, բայց մեր ուսանողությունն այս միջոցառմամբ մեկ անգամ ևս շեշտեց, որ պետք է հույսը երբեք չկորցնել, շարունակել պայքարել, ապրել ու արարել հայրենիքում, պայքարել հանուն կյանքի, հանուն Արցախի:

Միջոցառումը հայրենասիրական յուրահատուկ դաս էր, որի ընթացքում ներկայացվեց պատերազմի սկիզբը, ընթացքը և ավարտը»,-այսպես բնորոշեց ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը երեկ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը:

Իսկ միջոցառման ձևաչափն այս անգամ բեմադրություն էր, որտեղ ուսանողները, մեջբերելով հայ նշանավոր գրողների խոհերը, բանաստեղծությունները` որպես ուղիղ խոսք, շեշտադրել են Ընտանիք, Հայրենիք, Աստված գերակա արժեքները, հանուն որի պայքարում էին բեմադրության հերոսները: Ներկայացման հերոսներին կերպավորած ԱրՊՀ ուսանողներն ազգային արժեքներին հավատարիմ մնալու գաղափարներն արտահայտեցին ասմունքով, ազգային-հայրենասիրական երգերով, պարով ու մեծերի խոսքերից մեջբերումներով:

Միջոցառման կազմակերպիչ, բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ալիսա Շամիրյանի խոսքով՝ ներկայացման հիմնական նպատակն էր հանրությանը հորդորել երբեք չկոտրվել:

Ներկայացման սցենարի համահեղինակ, ուսանողուհի Լենա Ամիրխանյանի խոսքով՝ բեմադրության միջոցով փորձել են ներկայացնել մարդկային տարբեր տեսակները և հայության մեջ առկա տրամադրությունները։

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը գոհունակություն է հայտնել միջոցառումից և ուսանողության նախաձեռնողականությունից՝ ընդգծելով, որ ԱրՊՀ-ն հնարավորություն է ընձեռում ուսանողներին դրսևորելու իրենց շնորհներն ու գաղափարները, ինչն էլ կարողանում են ուսանողները դարձնել օգտակարն ու հաճելին համադրելու լավագույն հարթակ:

Միջոցառումը մեկնարկել ու ամփոփվել է Տերունական աղոթքով և հոգևոր հովիվ Տեր-Բենիամինի օրհնանքի խոսքով: