ԳլխավորԼուր

«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց…». Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում  պահվում է հայկական ճարտարապետության ուսումնասիրության նվիրյալ Թորոս Թորամանյանի արխիվի զգալի մասը` չափագրություններ, ձեռագրեր, լուսանկարներ, նամակներ, գծանկարներ, գծագրեր և այլն։

Մարտի 18-ը անվանի ճարտարապետի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1864 թ․,  մարտի 18-ին, Փոքր  Հայքի  Շապին-Կարահիսար  քաղաքում։ Թորամանյանը ծնողներին կորցրել է փոքր հասակում։ 1884 թ․ ազգականների օգնությամբ  մեկնել է Կոստանդնուպոլիս՝ ուսումը  շարունակելու։ Ուսանել է՝  Կոստանդնուպոլսի Կայսերական  գեղարվեստի  վարժարանի ճարտարապետության  բաժնում։

Թորոս Թորամանյանը ճամփորդել է տարբեր երկրներով՝ Պարսկաստան, Սիրիա, Թուրքիա, Եգիպտոս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա:

Թորոս ԹորամանյանՄեր ճարտարապետության պատմության էջերում իր անգնահատելի տեղը ունեցող ճարտարապետը կյանքի 30 տարիները նվիրել է հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը։ Թորամանյանի գիտական ամբողջ  ժառանգության մեջ  գերակշիռ տեղ է զբաղեցնում Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների՝ Բավի Տեկոր, Երերույքի, Քասաղի, Էջմիածնի Մայր տաճարի և Զվարթնոցի մանրամասն ուսումնասիրությունը։ Նա զբաղվել է նաև սուրբ Հսիփսիմե և Գայանե եկեղեցիների, Ավանի, Պտղնիի Թալինի մեծ և փոքր, Արթիկի, և այլ հուշարձանների ուսումնասիրությամբ։ Առաջավոր գիտնական լինելուց բացի, Թորամանյանը նաև հասարակության ակտիվ անդամ էր, մեծ հայրենասեր և առաջադեմ մտավորական:

1903թ. նա չափագրել է Անիի մայր տաճարը և կատարել եկեղեցու վերակազմության նախագիծը: Մեկ տարի անց վարդապետ Խաչիկ Դադյանի հրավերով մասնակցել է Զվարթնոցի ս. Գրիգոր տաճարի պեղումներին։ Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբում էլ՝ Անիիում իրականացվող պեղումներին։ Թորամանյանը կատարել է եկեղեցու և ճարտարապետական բեկորների մանրամասն չափագրությունները:

Անգնահատելի է Թորամանյանի  դերը  Զվարթնոց տաճարի պեղումների,  նաև՝  հետագա գիտական ուսումնասիրություների գործում։ Զվարթնոցը վերակենդանացել է հենց այդ հետազոտությունների շնորհիվ։

«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»,-վստահ էր Թորոս Թորամանյանը:

Մահվանից մեկ ամիս առաջ՝ 1934 թ-ի փետրվարին նշվել է Թորոս Թորամանյանի  գիտական գործունեության 30 ամյակը և շնորհվել գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

«Մեր ճարտարապետները բանաստեղծներ են, որոնք իրենց կառուցածները միշտ կապում են հին, գեղեցիկ տեսարանների հետ», -Թորոս Թորամանյան: