ԳլխավորԼուր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նշել է 100-ամյակը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, անվանի ճարտարապետներ և շինարարներ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, շնորհավորելով համալսարանի 100-ամյակի կապակցությամբ, նշել է հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման մեջ համալսարանի անգնահատելի դերի, ավանդույթների պահպանման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ականավոր ճարտարապետների ու շինարարների մեծ ավանդի կարևորության մասին:

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ևս շնորհավորել է համալսարանի աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ներկայացրել համալսարանի ստեղծման, զարգացման փուլերը, ձեռքբերումները, միջազգային հարթակներում ունեցած հաջողությունները և առաջիկա անելիքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով համալսարանի ռեկտորին, աշխատակիցներին և ուսանողներին 100-ամյա պատմության ու ձևավորված ավանդույթների առթիվ, կարևորել է ճարտարապետական և շինարարական կրթական ծրագրերը, համալսարանին մաղթել նորանոր հաջողություններ:

Շնորհավորանքներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվել են`

• ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանը,

• Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանը։

Ճարտարապետական գործունեության և կրթական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար` «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`

• Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Գառնիկ Արայիկի Ստեփանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմենակ Մարտունու Գրիգորյանը։

Ճարտարապետության և շինարարության կրթական համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`

• Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Վարդգես Հայկի Եդոյանը,

• Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նկարչության ամբիոնի վարիչ, ճարտարապետ Գագիկ Շահենի Հովհաննիսյանը:

Ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, շնորհավորելով ներկաներին, բոլոր պարգևատրվածների անունից շնորհակալություն է հայտնել հանձնված պարգևների և իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատանքի համար` հատուկ նշելով պետական և հասարակական կառույցների՝ մշտապես համալսարանին աջակցելը: